Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ընդունվելու կարգը կփոխվի
Այս տարի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դիմորդների քանակը գերազանցել է վերջին 12 տարիների ցուցանիշը՝ 572 դիմորդ: Ասուլիսում այս մասին ասաց «այաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը:
Նրա ներկայացմամբ, հիմնականում պահանջված է եղել մասնագիտական մանկավարժություն՝ ֆուտբոլ, փրկարարական գործ, բռնցքամարտ ուղղությունները, մյուս մասնագիտացումներում նույնպես բավականին մրցակցություն է եղել: Նախորդ տարիների համեմատ ավելացել են, սակայն մրցակցություն չկա մարզական լրագրության ուղղությամբ: Սուսերամարտում դիմորդ չեն ունեցել, պահանջված չեն շախմատ, սպորտային պարեր, հանդբոլ մասնագիտությունները:
«Եթե տևական ժամանակ պահանջված չեն լինում կոնկրետ մասնագիտությունները, հնարավոր է սառեցվեն ընդունելությունն այդ մարզաձևերում»,- ասաց Դավիթ Խիթարյանը։
Նա նշեց, որ մագիստրատուրայում նույնպես գրանցվել է մրցակցություն, թափուր տեղեր չեն ունեցել:
Դ. Խիթարյանն ասաց, որ առաջին անգամ բուհում ընդունելության քննությունը տեսաձայնագրությունով է եղել, ինչը հնարավորություն տվեց խուսափել կողմնապահությունից, արդարության ցուցիչը բավականին բարձր է, ինչի վկայությունն այն է, որ ընդունելության քննության ավարտից հետո չեն ունեցել որևէ բողոքարկում, լավագույններն ընդունվել են բուհ:
Նա նշեց, որ այս ուսումնական տարում ուսման վարձը չեն բարձրացրել, բայց ավարտական կուրսերում թույլ չեն տվել մասնակցել ավարտական քննություններին առանց վարձը մուծելու:
Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով, բուհն առաջ ասոցացվում էր որպես մանկավարաժական բուհ՝ մարզիչներ, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ պատրաստող, սակայն ռազմավարության փոփոխությամբ՝ մանկավարժական ուղղությունը ուժեղացվում է, զարգացնելու են նաև նոր ուղղությաններ՝ առողջ ապրելակերպը, հանրային առողջությունը, սպորտի հոգեբանությունը, մարզական լրագրությունը, սպորտային տուրիզմը:
Դավիթ Խիթարյանը հայտնեց, որ հաջորդ տարի նախատեսված է ընդունելության նոր կարգ, որը ենթադրում է ընդհանուր ռազմավարության փոփոխություն. «Եթե նախկինում բուհ ընդունվելու համար ֆիզիկական տվյալներ էին պետք, ռազմավարությունը փոխում ենք, ավելի շատ գնում ենք դեպի կրթված դիմորդներ ունենալու մոտեցմանը, այսինքն կունենանք նաև տեսական քննություն»:
Դավիթ Խիթարյանը ասաց, որ այս տարի նշվում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 75-ամյակը, համավարակով պայմանավորված զերծ են մնալու մարդաշատ միջոցառումներից: