Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք, թույլ մի՛ տվեք, որ վերադառնանք օտար ափեր. հայրենադարձ
«Սփյուռքից ենք եկել, հայրենադարձ ենք և այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ»,- խորհրդարանում «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց հայրենադարձ Ռազմիկ Մինասյանը։
Նրա խոսքով, այդ խնդիրներից գլխավորը բանկերի՝ վարկային պատմություն ունենալու պահանջն է, և վարկերի բարձր տոկոսադրույքը։
«Մենք եկանք Հայաստան, ու այստեղ վարկային պատմություն չունենք։ Բայց եթե վարկ չեք տալիս, ինչպե՞ս պատմություն ունենանք։ Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո սփյուռքահայերը փափագեցին իրենց նպաստը բերել և իրենց գործը հայրենիքում շարունակել՝ նպաստելով հայրենիքի զարգացմանը։ Եղեռնից հետո մեր ժողովուրդը շատ մեծ գնով պահպանեց իր գոյությունը և վառ պահեց իր հավիտենական երազը՝ վերահաստատվել հայրենի հողում։ Եվ այժմ հայրենադարձը հայրենիքում կարող է կերտել իր ապագան՝ միայն պետության աջակցությամբ։ Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք, թույլ մի՛ տվեք, որ վերադառնանք օտար ափեր՝ մեր ապրուստն ապահովելու։ Այնտեղ մեր ճակատագիրն, անկասկած, ձուլումն է»,- շեշտեց նա։
Ըստ հայրենադարձ քաղաքացու, իրենց ձանձրացրել է անընդհատ հնչող նույն պատասխանը, որ պետք է գործերն ուսումնասիրվեն։ Նա հարց հնչեցրեց՝ եթե պետության ծրագրում այսօր չկա հայրենադարձին աջակցելը, ապա ե՞րբ է լինելու.
«Բազմիցս ծանուցել ենք, որ մենք շատ դժվարությունների ենք հանդիպում, որոնք թույլ չեն տալիս մեզ արժանապատիվ կյանք ունենալ մեր հայրենիքում։ Սակայն, մինչ օրս ոչինչ չենք ստացել։ Ուզում ենք հատկապես մատնանշել, որ մենք հապճեպ ու ժամանակավոր լուծումների կողքին պահանջում ենք նաև արմատական, հետևողական և երկարատև լուծումներ։ Պետական մարմիններից պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձների նոր ալիքի նկատմամբ։
Մենք պահանջում ենք հայրենադարձության հատուկ օրակարգի մշակում, որտեղ կհստակեցվեն պետական աջակցության կանոնները։ Պահանջում ենք հայրենադարձներին հանրակացարանային բնակարաններով ապահովում, իսկ ապագայում նաև բազմաբնակարանային շենքի կառուցում՝ երկարաժամկետ վարկային վճարումների պայմաններով։ Բացի այդ, նոր աշխատատեղերի ստեղծում, որտեղ հայրենադարձները կկարողանան արդար աշխատանք կատարել։ Իսկ փոքր ու միջին բիզնեսին պետք է ժամանակավոր ազատել հարկերից։ Հայրենադարձը նաև խնդիր ունի վարորդական իրավունք ստանալու հետ կապված, ուստի առաջարկում ենք տեսական քննությունն անել արևմտահայերենով, ֆրանսերենով, իտալերենով»,- եզրափակեց խոսքը Ռազմիկ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք մոտ 6.5 տրիլիոն դրամ ՀՆԱ-ի ակնկալիք և մոտ 4 տրիլիոնի մոտ վարկեր. Մելքումյան
- «ԲՀԿ»-ն առաջարկում է վարկային համաներման համակարգ ներդնել. Աբովյան
- Կապիտալ ծախսերը թերակատարվել են ավելի քան 60 տոկոսով. Արկադի Խաչատրյան