Պետության և ձկնորսների միջև համագործակցության պատրաստակամությունն ակնհայտ Է. ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվեց «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը, որը որոշ լրամշակումներից հետո այժմ ամբողջությամբ գործարկված է։
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացրած, ապա Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր կնքած բոլոր ձկնորսներն այժմ արդյունագործական ձկնորսություն են իրականացնում օրենքի սահմաններում, սահմանված կարգով ու չափաքանակներով։
«Ձկնորսները լիճ են մուտք գործում կարգով նախատեսված, ազգային պարկի կողմից վերահսկվող 25 տեղամասերից, ապա ձկնորսությունն իրականացնելուց հետո վերադառնում են նույն տեղամաս, կշռում են որսված ձուկն ու արձանագրում որսը համապատասխան փաստաթղթերով։
Որսը թույլատրված է ինչպես փոքր Սևանի, այնպես էլ մեծ Սևանի հատվածներում։ Որսված սիգ ձկնատեսակը պետք է կշռի ոչ պակաս, քան 400 գրամ։ Ձկնորսությունը թույլատրված է իրականացնել ափից ոչ մոտ, քան 500 մետր հեռավորության վրա՝ օրենքով սահմանված չափորոշիչներով ցանցավանդակների միջոցով։
Կարգի հսկողությանն ու վերահսկողությանը ներգրավված են ՀՀ Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչները և շուրջօրյա ջրային և ցամաքային պահնորդական ծառայություն իրականացնող հատուկ ջոկատի աշխատակիցները։
Պետության և ձկնորսների միջև փոխվստահության նախադրյալներն ու համագործակցության պատրաստակամությունն ակնհայտ են։
Արդյունագործական որսի ընթացքի մասին կտեղեկացնենք հավելյալ։
Հիշեցնենք, որ ապօրինի որսված ձուկը ենթակա է առգրավվման։ Հորդորում ենք բոլոր ձկնորսներին և մասնավոր կազմակերպություններին խստագույնս հետևել սահմանված կանոններին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։