«Փաստ». ԱԺ-ում որոշել են պահանջը կատարել «լուռումունջ», անաղմուկ, սակայն չի ստացվել
«Փաստ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ «առաջիկայում «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» նոր օրինագիծ է քննարկվելու խորհրդարանում, քանի որ գործող օրենքը չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին: Օրերս 1or.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասել էր, որ դեռ նախագիծ չկա, պարզապես պատգամավորները օրենքի հետ կապված քննարկումներ են իրականացնում: «Խոսքը ոչ թե նոր օրենքի մասին է, այլ ընդունված օրենքում որոշակի փոփոխություններ իրականացնելու»,-ասել է Թունյանը՝ հավելելով, որ նախագիծը շրջանառության մեջ կդրվի մինչև այս տարեվերջ:
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ընդունված օրենքը, որը նաև Հայաստանում լուրջ դժգոհությունների առիթ դարձավ, տարակուսանքի տեղիք է տվել ԵԱՏՄ անդամ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղից Հայաստանի իշխանություններին հստակ ասել են, որ նման օրենքն այն տեսքով, ինչպես ընդունվել է, պարզապես անթույլատրելի է և հնարավորինս արագ պետք է փոխել: Նույն աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ-ում որոշել են նշյալ պահանջը կատարել «լուռումունջ», անաղմուկ, սակայն չի ստացվել:
Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ այս իշխանությունները պարբերաբար կատարում են քայլեր, ընդունում են որոշումներ և օրենքներ՝ առանց նախօրոք հաշվի առնելու հետևանքները, առանց լսելու մասնագիտական կարծիքները, ինչպես նաև գործընկեր երկրների տեսակետները, իսկ հետո ստիպված «հետողորմյա» են անում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: