Հացադուլ հայտարարածներից մեկի ինքնազգացողությունը վատացել է. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի
ՌԴ մեկնել ցանկացողների հացադուլը շարունակվում է։ Նրանք երեկ գիշերել են Կառավարության շենքի դիմաց, և վստահեցնում են՝ չեն հեռանալու այնտեղից, քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն դեռևս ընդունում է Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիներին, իսկ ակցիայի մասնակիցներից շատերը թեև չունեն ՌԴ քաղաքացիություն, այնուամենայնիվ, նրանք տարիներ շարունակ ապրել են ՌԴ-ում, այնտեղ հիմնել սեփական բիզնեսը։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ինքն ու երեխաները Հայաստանում են, ամուսինը՝ ՌԴ-ում։
«Երեխաներս դպրոցական են, հիմա զրկված են կրթության իրավունքից։ Ես մարզից եմ, այնտեղ ռուսական դպրոց չկա, իսկ երեխաներս հայկական դպրոցում չեն կարող սովորել։ Հիմա 15 օրը մեկը դպրոցի տնօրենին դիմում եմ գրում ու ներկայացնում, թե ինչ վիճակ է։ Օնլայն ուղարկում են դասերը, երեխաներն ինչ-որ բան անում են, բայց դա կրթություն ստանալ չէ։ Ինքս երեք տարի տանջվել, բիզնես եմ հիմնել, հիմա չեմ կարողանում կառավարել, սաղ ջուրն է ընկնում։ Եթե Հայաստան եկած չլինեի, արդեն ՌԴ քաղաքացիություն կստանայի»,- նշեց նա։
Ակցիայի մասնակիցներից Արթուր Ոսկանյանն էլ տեղեկացրեց, որ հացադուլ հայտարարած քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ճնշման տատանում է եղել, ուստի նրան խնդրել են դադարեցնել հացադուլը, սակայն ինքը պնդել է, որ մնում է ակցիայի մասնակիցների կողքին։
«Նրա ճնշումը իջել էր մինչև 90-50, շտապ օգնություն կանչեցինք, եկան, ներարկեցին, մի փոքր կարգավորվեց։ Հիմա բոլորիս մոտ էլ ճնշման անկում կա, լավ չենք քնել, գիշերը ցուրտ էր, բայց դիմանում ենք»,- ասաց նա։
Նշենք, որ հացադուլ հայտարարած քաղաքացիների թիվը 20 է։
Հարցին՝ արդյո՞ք Կառավարությունից որևէ արձագանք եղել է, ակցիայի մասնակիցը պատասխանեց՝ այո։ Երեկ ինքը և ակցիայի մեկ այլ մասնակից հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մենք ասացինք, որ 200 քաղաքացիներ պետք է հապճեպ մեկնեն ՌԴ, էլ հնարավոր չի ձգձգել։ Պարոն վարչապետն էլ խոստացավ՝ մեզ ինչ-որ հարցով կաջակցի։ Մենք մեր 200 հոգանոց ցուցակը ներկայացրել ենք իրեն։ Երբ հասկանանք՝ հարցը լուծվում է, և՛ ակցիաները կդադարեցնենք, և՛ հացադուլը։ Ինքը գիտեր, որ մենք այստեղ հացադուլ ենք անում, բայց չի ասել, որ դադարեցնենք։ Եթե իրենք եկան ու ասացին, որ հարցն արդեն լուծվում է, մենք կդադարեցնենք հացադուլը»,- շեշտեց նա։
Նրա խոսքով, թեև մեկնել ցանկացող քաղաքացիների ցուցակն ուզել են, բայց դա հիմք չէ հացադուլը դադարեցնելու համար. գուցե այդ ցուցակն ուզել են, որ հասկանան՝ ինչ կարելի է անել.
«Եթե իրենք որոշել են մեզ առաջնահերթ ուղարկել, ապա կդադարեցնենք։ Բացի այդ, այսօր հրապարակումներ կային, թե մեզ հետ հացադուլ են անում նաև երեխաները։ Մենք կտրականապես դեմ ենք, որ երեխաները մասնակցեն հացադուլի, թույլ էլ չենք տա։ Օրինակ, մայրիկ է եղել, առաջարկել է, որ ինքն էլ մնա, բայց թույլ չենք տվել։ Միայն ցերեկվա ընթացքում են երեխաները ծնողների հետ գալիս»։
Հարակից հրապարակումներ`
- Լավ օրից չէ, որ ուզում ենք գնալ. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի
- ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի ներսում են՝ առանց լրագրողների
- «ՀՀ քաղաքացին վախենում է գալ Հայաստան». ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան