Արարատ Միրզոյան. Արցախի ու Հայաստանի խորհրդարանների համատեղ աշխատանքի մեկնարկը հաջող է տրված
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ, Արարատ Միրզոյանն իր անկեղծ գոհունակությունն է հայտնել նման ձևաչափով հանդիպման համար, մասնավորապես, և երկու խորհրդարանների միջև շփումների պարբերականության համար, առհասարակ: Արցախի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ երկու խորհրդարանների համատեղ աշխատանքի մեկնարկը հաջող է տրված և հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության արդյունքում կհաջողվի նոր որակ հաղորդել Արցախի խորհրդարանի օրինաստեղծ գործունեությանը: Այս համատեքստում նա կարևորել է փոխայցելությունները ԱԺ նախագահների, խմբակցությունների, հանձնաժողովների մակարդակով:
Արթուր Թովմասյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ չկա Արցախի Հանրապետության կողմից առաջարկված մի նախագիծ կամ հարց, որը լուծում չստանա ՀՀ-ի իշխանությունների կողմից:
Երկու խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր: