Տնտեսագիտական համալսարանում կրքերը չեն հանդարտվում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կրքերը չեն հանդարտվում։ Հիմա էլ ՀՊՏՀ ռեկտորատն ու ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը համալսարանի էջում հայտարարություն են տեղադրել, որտեղ մասնավորապես նշվում է.
«Կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը՝ մինչև ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի՝ օրենքով սահմանված կարգով նշանակումը»։
Բացի այդ, գործադուլ հայտարարծ դասախոսներն այսօր համալսարանի բակում հրավիրել են բաց քննարկում։
Վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Աաքելյանն անընդունելի է համարում դասախոսների այս քայլը։
«Կրթությունը երբեք չպետք է խաթարվի որևէ վարչական, քաղաքական կամ այլ գործընթացի հետևանքով։ Որակյալ կրթություն տալը մանկավարժի առաքելությունն է, որը չպետք է կախված լինի բուհի կամ երկրի ղեկավարությունից։
Նման խայտառակ արարքից տուժում են միայն ուսանողները, ՀՊՏՀ խորհրդի առաջիկա նիստում պատրաստվում եմ քննարկման առարկա դարձնել այս խնդիրը։
Ամեն դեպքում, կոչ եմ անում դասախոսներին, ցուցաբերել խոհեմություն՝ գիտակցելով, որ իրենց կոչումը սերունդներ կրթելն է՝ անցյալում, ներկայում և ապագայում»,-իր կարծիքը նա հրապարակել է ֆեյսբուքյան էջում։
Համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ստեղծված իրավիճակին ու խնդրին հրավիրում է կառավարության ու իրավապահների ուշադրությունը։
«Հարգելի՛ Կառավարություն, իրավապահ մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել 6 հազար ուսանողի կրթության սահմանադրական իրավունքը կոպտորեն ոտնահարող այս ծանր հանցագործության մի քանի կազմակերպիչներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Դուք չեք պատկերացնի, թե հարցն ինչ արագ կլուծվի այդ դեպքում»,-գրել է նա։
Ավելի վաղ արած գրառմամբ Հայրապետյանն ուղղակի հանցագործություն է որակել նախկինում իր ղեկավարած բուհի դասախոսների գործողությունները։
«Ուսանողների վարձավճարներից հրճվանքով աշխատավարձ ստանալը, սակայն նրանց արհամարհելը, լսարաններում դաժանաբար լքելը և դասերը դիտավորյալ տապալելը ոչ միայն հանցագործություն է, այլև կատարյալ անբարոյականություն:
Սիրելի՛ ուսանողներ, ժամանակն է համախմբվելու և պահանջելու, որ անբարոյականությամբ զբաղվող մարդիկ հեռացվեն համալսարանից և տեղը զիջեն այն դասախոսներին, ովքեր «թքած չունեն» ձեր վճարած վարձերի և ձեր գիտելիքի վրա»,-նշել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիայի մասնակից դասախոսները նախարարին ու կառավարության ներկայացուցիչներին հրավիրում են ՀՊՏՀ
- ՀՊՏՀ դասախոսներն ակցիա են անում կառավարության դիմաց
- ՀՊՏՀ կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն հավաք ու երթ կանցկացնի
- Դիանա Գալոյան - ԲՈԿ «հակամարտությունը» շարունակվում է․ գիտական աստիճանից զրկելու հրամանն առոչինչ է
- ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը
- ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան