Քաղաքացուն դիմակ չկրելու համար տուգանելու որոշումն անվավեր է ճանաչվել
Սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան Վահե Գրիգորյանին հաջողվել է հասնել դիմակ չկրելու համար քաղաքացի Վ. Հովհաննիսյանին տուգանելու վերաբերյալ որոշման անվավեր ճանաչմանը։
Տուգանքի որոշումը կայացրել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետը, վերադաս մարմինը՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունն էլ այն անվավեր է ճանաչել՝ նշելով, որ որոշումը կայացվել է օրենքի սխալ կիրառման կամ մեկնաբանման հետևանքով։
Քաղաքացուն տուգանելու վերաբերյալ արձանագրությունը կազմվել է հունիսի 16-ին, նա էլ որոշել է վերադաս մարմնին գանգատ ներկայացնել։ Այդ գործում Վ. Հովհաննիսյանին օգնել է Վ. Գրիգորյանը։
Վերջինի համոզմամբ, դիմակի կրման պահանջը եղել է ապօրինի, ինչպես նաև տուգանք նշանակելու մասին որոշումը եղել է հակաօրինական։
Վ. Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ տուգանքի վերաբերյալ արձանագրության բողոքարկման համար բազմաթիվ հիմքեր կային, այդ թվում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները՝ մասնավորապես ազատ տեղաշարժի կանոնները խախտելը։
«Թեև որոշման մեջ վերադաս մարմնի կողմից հստակ նշված չէ, թե որ հիմքերն են նրանք ի գիտություն ընդունել, սակայն դրանցից առնվազն երկուսը հստակ ներկայացված են։ Առաջինը օրենքի սխալ կիրառումն ու մեկնաբանումն են, երկրորդ՝ որոշմանը ներկայացվող պահանջների բացակայությունն էր»,-ասաց սահմանադրական իրավունքի մասնագետը։
Վահե Գրիգորյանը նշում է ամենապարզ ու ամենաակնհայտ խախտումը, որը դարձել է գանգատի հիմք. «Սահմանադրության 39 հոդվածի երկրորդ նախադասությունն ասում է. «Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»։ Մինչդեռ պարետի որոշումն օրենք համարվել չի կարող։ Բացի այդ, պարետը որոշակի ժամանակահատված չի ունեցել նորմատիվ-իրավական ակտեր ընդունելու լիազորություն։ Այսինքն, երբ պարետը չունի նման լիազորություն, չի կարող ընդունել որոշումներ, նրա ընդունած որոշումները համարվում են անվավեր կամ առոչինչ»։
Սահմանդրական իրավունքի մասնագետը նշում է նաև մեկ կարևոր խախտում, որը բավարար էր տուգանքի արձանգրությունը չեղարկելու համար։
««Նորմատիվ-իրավական ակտերի մասին» օրենքը հստակ նշում է, երբ երկու պայմանները միմյանցից անջատված են ստորակետով, ապա անհրաժեշտ է միաժամանակյա բոլորի առկայությունը։ Մինչդեռ գործող «Վարչական իրավախախտումների մասին» օենսգրքի 182 պրիմ 3 հոդվածի 1.1 մասը, որը այսպես ասած դիմակ չկրելու համար ենթադրում է պատասխանատվություն, բառերը՝ պահանջները և պայմանները միմյանցից անջատված են ստորակետով։ Հետևաբար, եթե կա ստորակետ, ուրեմն քաղաքացին պետք է խախտած լինի արտակարգ դրության ժամանակ հայտարարված ազատ տեղաշարժի հետ կապված բոլոր պահանջներն ու պայմանները միաժամանակ»,- մանրամասնեց նա։
Նշենք, որ ՎԻՎ օրենսգրքի 182 պրիմ 3 հոդվածի ( Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելը) 1.1 մասը սահմանում է. «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»։
Իրավաբանն ուշադրություն է հրավիրում նաև մեկ այլ խնդրի, երբ պարետի որոշմամբ դիմակ կրելու կարգը սահմանված էր իրազեկման թերթիկով։
«Իրազեկման թերթիկը չի կարող համարվել նորմատիվ-իրավական ակտ, հետևաբար քաղաքացին կարող է դիմակը գցել թևին ու համարել, որ դիմակ է կրում, ինչպես օրինակ զենքի դեպքում»,-թվարկեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին