Արսեն Թորոսյան. Վարակակիրների կտրուկ աճը դեռևս չենք պայմանավորում դպրոցները բացելով
«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված մենք կրկին իրավիճակի սրում ունենք»,- կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նոր վարակակիրների թվի կտրուկ ավելացումը պայմանավորեց մարդկանց շարժողունակության ավելացմամբ։
«Ինչպե՞ս ենք մենք այս իրավիճակին վերաբերվում։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ պետք է շարունակենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ, և այստեղ շատ բան կախված է յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունից։ Իհակե, վարչական մեթոդներ պետք է նաև խստորեն կիրառենք։ Պայմանավորվել ենք, որ ոստիկանությունն ու տեսչական մարմինները կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ»,-հայտարարեց նա՝ չբացառելով, որ վարակակիրների թվի աճի պարագայում ստիպված կլինեն նորից ծավալել հիվանդանոցային հնարավորություններ, ինչպես եղավ նախորդ ամիսներին։
Փաշինյանը նկատեց՝ այս պահին նոր ծավալումների խնդիր չկա։
Նիստին մասնակցող Արսեն Թորոսյանը թվային որոշ տվյալներ ներկայացրեց. այս պահի դրությամբ 1230 ծավալած սովարական մահաճակալ կա և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտ 30 տոկոսը դեռևս ազատ է։
«Այսինքն, ազատ մահճակալներ շատ կան։ Մոտ 20 բժշկական կենտրոններից կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվում է 5 հիվանդանոց, ևս երեքը՝ նեղ մասնագիտացված երեխաների, նորածինների և հղիների համար»,-նշեց նախարարը՝ ավելացնելով, եթե իրավիճակը կտրուկ սրվի 1-2 օրվա ընթացքում կրկին նախկին չափով մահճակալները կծավալեն։
Նա նաև հիշեցրեց, որ խոսքը 2700-2800 սովարական մահճակալների, 200 վերակենդանացման մահճակալների մասին է։
Թորոսյանն ասաց՝ նոր վարակակիրների ամենաբարձր թիվը գրանցվել է հուլիսի 6-ին, ամենացածրը՝ սեպտեմբերի 11-ին, սակայն այդ օրվանից սկսած հիվանդների թիվն ավելանում է, ինչը պայմանավորված է թե շարժողականությամբ, թե համաճարակային կանոնների չպահպանմամբ։
«Մենք այս թվերը դեռևս չենք պայմանավորում դպրոցների բացվելով, բայց եթե առաջիկա շաբաթում կտրուկ աճ լինի, կապելու ենք դպրոցների հետ։ Խոսքը միայն դպրոցի ներսում փոխանցման մասին չէ, քանի որ դրանք շարժողականության գործոն են»,-նշեց նա։
Փաշինյանն էլ ավելացրեց, որ Եվրոպայում մեծ ալիք է սկսել։
«Բայց կա մի գործոն, որ չեմ կարող չնշել։ Մենք այս գործում 100 տոկոսանոց թափանցիկ ենք, որևէ թիվ չենք փոխել, ինչ թիվ գիտենք մենք, գիտի Հայաստանի հանրությունն ու ամբողջ աշխարհը, այն տարբերությամբ, որ մենք կարող է մի քանի ժամ շուտ ենք իմանում, քան մյուսները»,-նշեց նա։