Սխալ թիրախավորված և խնդիր չլուծող ծրագիրը ոչ ոքի չի երջանկացնում. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ
ԵՊՀ Ուսանողական խորհուրդը նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով և դիմել ՀՀ կառավարությանը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որին արձագանքել է ԵՊՀ Ուսանողական Խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը.
«Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը:
Այս կապակցությամբ ունեմ մի քանի ասելիք:
Նախ, ես ուրախ եմ, որ ԵՊՀ ՈւԽ-ի նախաձեռնությունը տեղ է հասել: Սա հերթական անգամ ապացուցում է, որ մենք՝ ուսանողներս, ունակ ենք արդունավետ ինքնակազմակերպվելու: Ուստի մեր կողմից դրված նվազագույն նպատակին հասել ենք. խնդիրը գործադիրի օրակարգում է:
Սակայն ոչ պակաս կարևոր է նաև աջակցության ձևը և բովանդակությունը: Եթե փորձեմ վերաձևակերպել սրա շուրջ մոտեցումները, ապա կասեմ հետևյալը.
1. Աջակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը
Հերթական թվով աջակցության ծրագիրը չպետք է մշակվի «ցույց տալու համար», այլ պետք է մշակվի կոնկրետ խնդիր լուծելու համար: Սխալ թիրախավորված և խնդիր չլուծող ծրագիրը ոչ ոքի չի երջանկացնում: Ավելին, անարդարությայն մթնոլորտ է ստեղծում: Աջակցությունը պետք է լինի առավելագույնս արդյունավետ և թիրախային: Այսինքն՝ աջակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:
2. Չկրկնել 14-րդ ծրագրի սխալները
Աջակցության ծրագիրը պետք է թիրախավորի ուսանողների սոցիալական խնդիրները, այլ ոչ թե նրանց առաջադիմությունը: Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին, քանի որ նրանց հեռակա լինելու պատճառը հաճախ այն է, որ ստիպված են զուգահեռաբար աշխատել, ուստի համեմատաբար խոցելի են: Եվ այսպես շարունակ…
3. Քննարկել շահառուների հետ
Լավ ծրագիր կազմելը դժվար գործ է, եթե չկա շահառուների հետ քննարկում: Լավ որոշումներ չեն կարող կայացվել փակ և տեղեկատվական առումով «չօդափոխվող» սենյակներում: Սա դասագրքային կանոն է: Ուստի բոլոր շահառուների հետ համագործակցությունը միայն օգտակար է լինելու, այդ թվում՝ ուսանողների
Ես լիահույս եմ, որ որևէ ուսանող վարձավճարի պատճառով դուրս չի մնալու բուհից: Դա մեր պարտականությունն է՝ որպես հասարակություն և պետություն»:
Նախարար Արայիկ Հարությունյանը գրել է. Ներկայում քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, որը պայմանավորված է համավարակի հետևանքով ստեղծված տնտեսական իրավիճակով:
Քննարկվում են մի քանի չափորոշիչներ, որոնց մասին առաջիկայում կհայտնենք»:
Հարակից հրապարակումներ`
- Ուսանողները դիմում են կառավարություն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը բարոյականության, ուսման վարձերի և ընտրվելիս իր անտեղյակ լինելու մասին
- Եթե համալսարանը մեծ թվով զեղչ անի, ապա պետք է նաև հարկ վճարի. ԵՊՀ ռեկտորի ԺՊ
- ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70.000-160.000 դրամով. Դավիթ Ափոյան