Զեկույց. Եվս 150 միլիոն երեխա հայտնվել է աղքատության մեջ կորոնավիրուսային համավարակի պատճառով
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ կտրուկ աճել է բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաների թիվը՝ հասնելով գրեթե 1,2 միլիարդի։ Սրա մասին է խոսվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի նոր վերլուծության մեջ։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 15 տոկոսով կամ ևս 150 միլիոնով աճել է զրկանքների մեջ ապրող երեխաների թիվը։
Բազմաչափ աղքատության վերլուծությունը հիմնված է կրթության, առողջապահության, բնակարանային, սանիտարահիգիենիկ պայմանների կամ ջրի հասանելիության վերաբերյալ ավելի քան 70 երկրներից ստացված տվյալների վրա։
Զեկույցն ընդգծում է, որ վերլուծության մեջ ներառված երկրներում մինչև կորոնավիրուսային համավարակը երեխաների 45 տոկոսը ծայրահեղ խոցելի են եղել առնվազն մեկ չափելի դրսևորման ուղղությամբ։
«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ներդրված արգելափակումները միլիոնավոր երեխաների ավելի խորը աղքատության մեջ են գցել»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Աղքատության ճիրաններից մի կերպ դուրս պրծնող ընտանիքները նորից են հայտնվել աղքատության մեջ։ Մյուսները կրում են նախկինում իրենց անծանոթ զրկանքներ։ Իսկ առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ մենք ավելի շատ մոտեցել ենք այս ճգնաժամի սկզբին, քան՝ ավարտին»։
Զեկույցում նշվում է, որ մանկական աղքատությունը շատ ավելին է, քան միայն դրամային չափումներն են։ Թեև դրամական աղքատության չափումները, ինչպիսիք ընտանիքի եկամուտներն են, կարևոր են, դրանք միայն մասնակի են բացահայտում աղքատության մեջ ապրող երեխաների զրկանքները։ Մանկական աղքատության ողջ ծավալը հասկանալու համար բոլոր պոտենցիալ զրկանքները պետք է վերլուծվեն ուղղակիորեն։ Սա նաև մատնանշում է բազմաչափ աղքատությունը վերացնելու համար բազմաոլորտային քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը՝ ուղղված առողջապահության, կրթության, սնուցման, ջրի ու սանիտարահիգիենիկ և բնակարանային խնդիրների լուծմանը։
Սոցիալական պաշտպանությունը, ներառական հարկաբյուջետային քաղաքականությունը, սոցիալական ծառայության համակարգում ներդրումները, ինչպես նաև միջամտությունները զբաղվածության և աշխատանքի ոլորտներում հույժ կարևոր են ընտանիքներին աջակցելու, երեխաներին աղքատությունից դուրս հանելու և հետագա «ավերածություններից» խուսափելու համար։ Այն ներառում է որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնում և երեխաներին համապատասխան գործիքներով և տեխնոլոգիաներով զինում կրթությունը հեռավար կարգով շարունակելու համար, ինչպես նաև ներդրումներ ընտանիքահեն քաղաքականության մեջ, ինչպիսիք են վճարովի արձակուրդն ու երեխայի խնամքի կազմակերպումը։
Զեկույցում ասվում է, որ ոչ միայն աղքատության մեջ ապրող ավելի շատ երեխաներ կան այսօր, այլև՝ ամենաաղքատ երեխաներն է՛լ ավելի են աղքատանում։ Որոշ երեխաներ խոցելի են մեկից ավելի չափումներում, իսկ մյուսները՝ խոցելի չեն, հետևաբար՝ զրկանքների միջին քանակը ըստ յուրաքանչյուր երեխայի, կարելի է գործածել գնահատելու, թե որքան աղքատ են երեխաները։ Համավարակից առաջ ծայրարհեղ զրկանքների միջին թիվն ըստ յուրաքանչյուր երեխայի, մոտավորապես 0,7 էր։ Այսօր, գնահատականների համաձայն, այդ թիվն աճել է 15 տոկոսով՝ կազմելով 0,85։
Թեև վերլուծությունն արդեն իսկ մռայլ պատկեր է ներկայացնում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ իրավիճակը առաջիկա ամիսներին կարող է վատթարանալ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Սեյվ դը Չիլդրենը հանձն են առել շարունակել մշտադիտարկել զարգացող այս իրավիճակը և աշխատել կառավարությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ դիմակայելու այդ աճին։
«Մենք պետք է հիմա գործենք, որպեսզի կանխարգելենք ավելի շատ երեխաների զրկանքները կարևորագույն հարցերում, ինչպիսիք են դպրությունը, առողջապահությունը, սնունդը, ջուրն ու տանիքը»,- ավելացրել է Ֆորը։
«Կառավարությունները պետք է առաջնահերթությունը տան ամենախոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելուն՝ սոցիալական պաշտպանության համակարգերի արագ ընդլայնման, այդ թվում՝ դրամական փոխանցումների և երեխայի նպաստների միջոցով, հեռավար ուսման հնարավորություններով, առողջապահության ծառայությունները հասանելի դարձնելով և դպրոցական սննդով ապահովելով։ Այս կարևորագույն ներդրումներն այսօր կարող են նախապատրաստել պետություններին՝ դիմակայելու վաղվա ցնցումներին»։