Ժողովրդական արվեստների թանգարանի ռեսուրսն օգտագործելով՝ կարելի է մեր մշակույթը հանրահռչակել աշխարհում
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանին:շ
Նախարարը շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը բավականին բարդ էր այն առումով, որ առնվազն երկու թեկնածու հավասարազոր մրցակիցներ և արժանի հավակնորդներ էին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նախարարը նշել է, որ թանգարանի նմուշները պետք է հավուր պատշաճի ներկայացվեն հանրությանը:
«Թանգարանում ունենք ժողովրդական արվեստի գանձեր, որոնք հասանելի չեն մեր հանրությանը: Այդ ամենի հանրահռչակումն է, որ բարձրացնում է ազգային գիտակցությունը, և դա պետք է արվի նաև 21-րդ դարին բնորոշ տեխնոլոգիական գործիքներով: Դպրոցական աբոնեմենտային ծրագրով պետք է ներգրավել աշակերտներին, քանի որ Հայաստանի վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարության գործողությունները հաջորդ տասնամյակներում հենց նրանք են իրականացնելու: Ռազմավարությունում ազգայինն անցնում է կարմիր թելով, ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով: Որևէ մշակութային հաստատություն ես այլևս չեմ պատկերացնում առանց կրթության: Նախարարությունների միավորումը հենց այդ նպատակն էր հետապնդում, որովհետև մենք չենք պատկերացնում մշակույթն առանց կրթության և կրթությունը՝ առանց մշակույթի»,- նշել է նախարարը:
Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել թանգարանի արդեն նախկին տնօրեն Հովիկ Հովեյանին վերջին տարիներին իրականացրած աշխատանքի համար:
Նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանի խոսքերով, թանգարանն ունի հսկայական ռեսուրս, որն օգտագործելով՝ կարելի է մեր մշակութային արժեքները հանրահռչակել ամբողջ աշխարհում:
«Հուսով եմ, որ թանգարանի յուրաքանչյուր աշխատակից կդառնա մեր ընդհանուր նպատակների և գաղափարների կրողը և կունենա ընդհանուր երազանք»,- եզրափակել է Լ. Թորոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա