Հուլիսի նկատմամբ օգոստոսին աշխատավարձերը պակաս են եղել 2 մլրդ 663 մլն դրամով. Նիկոլ Փաշինյան
«2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի նկատմամբ երկրում բոլոր աշխատավարձերի ֆոնդն ավելի է եղել 10 մլրդ 974 մլն դրամով կամ 9.6 %-ով: Սակայն հուլիսի նկատմամբ օգոստոսին պակաս է եղել 2 մլրդ 663 մլն դրամով, որը պետք է վերլուծել, հասկանալ, թե ինչի հետ է կապված»,- այսօր կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, 2020թ. օգոստոսին հանրապետությունում 13 422-ով ավելի աշխատատեղ է արձանագրվել, քան 2019թ. օգոստոսին, և օգոստոսին հուլիսի նկատմամբ 4946 աշխատատեղով ավելի է եղել:
Շարունակելով ներկայացնել վիճակագրական տվյալները՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մեկ մարդու միջին աշխատավարձը 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ ավելի է եղել 13 671 դրամով, կամ 7.3 տոկոսով:
«Սակայն 2020թ. օգոստոսին 2020թ. հուլիսի նկատմամբ այդ եկամուտները պակաս են եղել 5973 դրամով կամ 2.9 տոկոսով»,- ներկայացրեց վարչապետը և հայտարարեց, որ այդ ցուցանիշները դեռ պետք է վերլուծել:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ հուլիսը արձակուրդային ամիս է, և այդ ընթացքում հաշվարկվող և աշխատակիցներին վճարվող աշխատավարձի չափը, եկամտի չափն ընդհանուր առմամբ ավելին է, քանի որ նույն համամասնությունը գրեթե արտացոլված է 2019թ. հուլիս-օգոստոս ամիսների համեմատականով։