Խնդրահարույց վարկերի ծավալը հասել է 290 մլրդ դրամի՝ տարվա սկզբի համեմատ աճելով գրեթե 28%
«Վարկերի հետ կապված ոլորտը չափազանց զգայուն է և ունի բազում խնդիրներ»,- խորհրդարանում «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Նրա խոսքով, մարդիկ իրենց դժգոհությունն ու բողոքն են արտահայտում՝ պահանջելով, որ խնդիրը լուծվի հօգուտ իրենց։
«Հասկանալի է, որ պետությունը պետք է հարցին նայի բազմակողմանիորեն, քանի որ ֆինանսական կայունությունը մեր ամենաառաջնային խնդիրն է։ Դա է պատճառը, որ ԿԲ-ն առաջնորդվում է դրանով։ Բայց և այնպես, ես անընդունելի եմ համարում ցանկացած մոտեցում, համաձայն որի, սա միայն քաղաքացու խնդիրն է, նա է սխալվել վարկ վերցնելով։ Բայց ոչ, քաղաքացին չպետք է այդ խնդիրների հետ միայնակ մնա։ Պետությունը պետք է քննարկումներ անցկացնի և լուծումներ առաջարկի։ Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի պայմաններում հատկապես տեսանելի են առկա խնդիրները»,- նշեց պատգամավորը։
Արկադի Խաչատրյանը, պատկերն ավելի տեսանելի դարձնելու համար տվյալներ ներկայացրեց. օգոստոսի 31-ի դրությամբ ընդհանուր վարկերի ծավալը հասել է գրեթե 3,9 տրիլիոն դրամի՝ տարվա սկզբի հետ համեմատ աճելով գրեթե 9,1%-ով։ Այդտեղ խնդրահարույց վարկերի ծավալը հասել է 290 մլրդ դրամի՝ տարվա սկզբի համեմատ աճելով գրեթե 28%-ով.
«Ակնհայտ է, որ տնտեսվարող սուբյեկտներն ու քաղաքացիները ունեն դժվարություններ՝ կապված մարման հետ։ Եվ սա միայն ֆինանսական կարգապահության խնդիր չէ. շատերը կորցրել են աշխատանք։ Ինչ վերաբերում է վարկային արձակուրդներին, ապա, եթե հիշում եք, մենք կոչով էինք դիմում բանկերին, որպեսզի հստակ բացատրվի քաղաքացիներին, թե ինչ է դա ենթադրում, որ այդ ընթացքում կուտակվում են տոկոսներ, և ժամանակը լրանալուց հետո ամսական մարումները պիտի մեծանան։ Եվ այն մարդիկ, որոնք ի վիճակի են մուծելու իրենց վարկերը, չպիտի օգտվեին այդ արձակուրդից, որովհետև հետագայում ստիպված էին լինելու ավելի մեծ վճարումներ կատարել։ Եվ, այո, հաճախ տեղին է մարդկանց դժգոհությունը, քանի որ իրենք բավարար չափով տեղեկացված չեն եղել»։
Ըստ պատգամավորի, համաներումը պետք է լինի համագործակցային՝ բիզնեսի, բանկերի և պետության ջանքերով։
«Օգոստոսի 31-ի դրությամբ, խնդրահարույց վարկերի գծով տույժերն ու տուգանքները կազմում են 18 մլրդ դրամ, իսկ այդ վարկերի ընդհանուր գումարը 310 մլրդ դրամ է։ Եթե միայն տույժից ազատենք, հաջորդ օրը վարկային տոկոսի գումարներն ավելանալու են, և վեց ամիս հետո նույն վիճակն է լինելու, խնդիրը չի լուծվի։ Վարկի գումարից ազատելու դեպքում էլ ավանդատուների հարցն է բարձրանում, բացի այդ, մարդիկ հաջորդ օրը էլի վարկ են վերցնելու, որ ապրեն։ Պետք է բոլոր առաջակները միտված լինեն լուծում գտնելուն»,- եզրափակեց խոսքը Արկադի Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երեք ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը. Երիցյան
- Ունենք մոտ 6.5 տրիլիոն դրամ ՀՆԱ-ի ակնկալիք և մոտ 4 տրիլիոնի մոտ վարկեր. Մելքումյան
- «ԲՀԿ»-ն առաջարկում է վարկային համաներման համակարգ ներդնել. Աբովյան