Եվրոպական երկրները դատապարտում են Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունը. միջազգային մամուլի ուշագրավ հատվածները
COVID-19
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը` «Թայմսի» 2020 թվականի ամենաազդեցիկ անձանց շարքում. ԱՀԿ գլխավոր տնօրեն, Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «Թայմսի» 2020 թվականի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: «Թայմսի» 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում այս տարի շատ բժիշկներ կան: Նրանց շարքում է ամերիկացի առաջատար վարակաբան և ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ Էնթոնի Ֆաուչին:
Տարվա ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Թայվանի նախագահ Ցաին Վենը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է երկրում COVID-19-ի երկրորդ ալիքի մասին․ Թրյուդոյի խոսքերով, COVID-19 նոր ալիքը կարող է ավելի վատ լինել, քան առաջինը, որը եղավ գարնանը՝ բոլոր քաղաքացիներին կոչ անելով դնել պաշտպանիչ դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և գրիպի դեմ պատվաստում անել։
Ֆրանսիան նոր սահմանափակումներ է մտցնում․ Ֆրանսիայի առողջապահության նախարարը ներկայացրեց նոր սահմանափակող միջոցներ՝ երկրում COVID-19-ի նոր բռնկման պատճառով։
Ամենախիստ միջոցներն առայժմ վերաբերելու են միայն ծովափնյա Մարսել քաղաքին և Գվադելուպա կղզուն, որտեղ շաբաթ օրվանից փակվում են բարերն ու ռեստորանները։
Նախարարը նախազգուշացրել է, որ համաճարակաբանական իրավիճակը ամբողջ երկրում կտրուկ «վատթարացել է»։
Գերմանիայի ԱԳ նախարարը կարանտինում է․ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ թիկնապահի մոտ հաստատվել է կորոնավիրուսը։ Մաասի մոտ նախնական թեստը բացասական է։ Նշենք, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ևս ինքնամեկուսացել է, որի պատճառով հետաձգվեց սեպտեմբերի 24-25-ին նախատեսված ԵՄ գագաթնաժողովը։
Քաղաքական
Եվրոպական երկրները դատապարտում են Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունը․ Լիտվան, Սլովակիան և Գերմանիան դարձան եվրոպական առաջին երկրները, որոնք հայտարարեցին Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը չճանաչելու մասին: Վիլնյուսը նրան չի համարում Բելառուսի օրինական նախագահ։
«Ոչ գաղտնի, ոչ էլ շքեղ արարողությունները լեգիտիմության պատրանք չեն ստեղծի», - ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:
Երկրի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեվիչյուսն էլ հարևան երկրում տեղի ունեցողը «ֆարս» է անվանել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության դեմ բողոքողներին ջրցան մեքենաներով ցրել են Մինսկում․ OMON-ը և անվտանգության ուժերը դաժան ձերբակալություններ են իրականացրել, որի ընթացքում կան վիրավորներ և բերման ենթարկվածներ։
Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ-ին դիմակայելու հարցում Չիանստանի ու Ռուսաստանի դերին․ Զարիֆն ասել է. «Ռուսաստանը և ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցչությունը, Չինաստանի հետ միասին, վերջին ամիսներին կարևոր դերակատարություն են ունեցել ԱՄՆ-ի անօրինական քայլերին դիմակայեկու հարցում»:
Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը, նշելով, որ տարածաշրջանը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, հավելել է. «Սիրիայի ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է Իրանի և Ռուսատսանի համագործակցությունը»:
Հասարակություն
Մահացել է ֆրանսիացի երգչուհի Ժուլիետ Գրեկոն․ Ֆրանսիացի երգչուհի, դերասանուհի, մշակութային խորհրդանիշ և երկրի հետպատերազմյան ժամանակաշրջանի էկզիստենցիալիստ փիլիսոփաների մուսա Գրեկոն 93 տարեկան էր:
Նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում հարգանքի տուրք է մատուցել Գրեկոյին՝ նրան բնութագրելով որպես «էլեգանտություն և ազատության խորհրդանիշ»:
Նամականիշ՝ նվիրված Շակ Շիրակի մահվան առաջին տարելիցին․ Սեօտեմբերի 26-27-ին վաճառքի կհանվի Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին նվիրված նամականիշը, որը նվիրված է նրա մահվան առաջին տարելիցին։ Նամականիշը տպագրվել է 500,000 օրինակով։
Դիմակի կրումը նվազեցրել է կոսմետիկայի վաճառքը․ Կորոնավիրուսի պատճառով դիմակի պարտադիր կրումը զգալիորեն վնասել է կոսմետիկայի ոլորտին, որի վաճառքը կտրուկ անկում է գրանցել։
Ֆրանսիայի Լիմոնժ քաղաքի գեղեցկության ինստիտուտի տնօրենը նշում է, որ հատկապես անկում է ապրել շրթներկի ու տոնային քսուկների վաճառքը։