Երեք ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը. Երիցյան
«Բանկերի ու ֆինանսական այլ կառույցների շահառուների, այդ թվում ավանդատուների և պատասխանատու վարկառուների թիվը մի քանի հարյուր անգամ գերազանցում է խնդիրներ ունեցող վարկառուների թվին»,- խորհրդարանում «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։
Նրա խոսքով, խնդրահարույց վարկերի թիվը պատմականորեն տատանվում է բանկային համակարգի կողմից տրված ամբողջ վարկերի 5-7%-ի շրջանակներում, իսկ համավարակից հետո ավելացել է ընդամենը 1%-ով և այս պահին գտնվում է 7%-ի շրջանակներում, ինչը նշանակում է, որ վարկառուների առնվազն 93%-ը գիտակցված և պարտաճանաչ կերպով կատարում են իրենց պարտավորությունները, և վարկերը վերցրել են որոշակի նպատակից ելնելով, և էապես բարելավել իրենց բարեկեցությունը:
«Մասսայական վարկային արձակուրդը՝ այստեղ պետք է կողմնորոշվենք, որովհետև էական տարբերություն կա արձակուրդի և համաներման միջև, հանգեցնելու է շատ մեծ մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական վնասների: Ֆինանսական գնի մասին քիչ ուշ, սակայն բարոյական ռիսկի մասով, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, սա կարող է հանգեցնել մտածողության բացասական փոփոխության՝ վարկառուները կսկսեն չվճարել, ենթադրելով, որ ապագայում ներվելու են։ Մեր սեփական փորձը նույնպես վկայում է հենց դրա մասին, երբ ժամանակին, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին, բանկերը ներեցին խնդրահարույց վարկառուների տույժ-տուգանքները։
Հետո մեր հետազոտությունը ցույց տվեց, որ ներում ստացած մարդկանց խմբից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների հիսուն տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն իրավիճակում։ Այսինքն, այդ մարդիկ ունեն ոչ պարտաճանաչ վարքագծի խնդիր։ Ստացվում է այնպես, որ պարտաճանաչ վճարողները չեն խրախուսվում: Իսկ ընտրովի մոտեցման դեպքում, գործնականում անհնար է որոշել, թե ում պետք է արձակուրդ տրամադրվի՝ առանց կոպտորեն խախտելու արդարության սկզբունքը, չհաշված բոլոր ադմինիստրատիվ ծախսերը, ինչը կարող է տանելի չլինել»,- ասաց նա։
Ըստ Ներսես Երիցյանի, բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսավճարների տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը, և մենք պարտավոր ենք հարցնել ավանդատուներին, թե արդյո՞ք նրանք պատրաստ են հրաժարվել այդ եկամուտներից՝ ի օգուտ իրենց պարտավորությունները պատշաճ չկատարող վարկառուների: Հակառակ դեպքում, երեք ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը, ինչը նշանակում է, որ ավանդատուները, անկախ իրենց կամքից, կորուստներ են կրելու:
Հարակից հրապարակումներ`
- Ունենք մոտ 6.5 տրիլիոն դրամ ՀՆԱ-ի ակնկալիք և մոտ 4 տրիլիոնի մոտ վարկեր. Մելքումյան
- «ԲՀԿ»-ն առաջարկում է վարկային համաներման համակարգ ներդնել. Աբովյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին