«ԲՀԿ»-ն առաջարկում է վարկային համաներման համակարգ ներդնել. Աբովյան
«Հայաստանը գտնվում է ծանր տնտեսական ճգնաժամի մեջ»,- խորհրդարանում «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Նրա խոսքով, այժմ պետք է հաշվի առնել, որ վարկերի տրամադրման կարգը իսպառ չի համապատասխանում իրական իրավիճակին, որը տիրում է ՀՀ-ում։
Ըստ Արման Աբովյանի, մարդիկ մինչ տնտեսական ճգնաժամը և կորոնավիուսի համավարակը ունեին աշխատանք, և երբ վարկ էին վերցնում, ունեին ապագայի որոշակի տեսլական։ Բայց այժմ այնպես է ստացվել, որ բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից, կամ տարբեր ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել։
«Երկիրը տևական ժամանակ լոքդաունի մեջ էր, և տարբեր ոլորտներ հայտնվել են ծայրահեղ վիճակում, որոլտներ կան, որոնք արդեն ոչնչացման եզրին են, և մարդիկ, որոնք աշխատում էին այդ ոլորտներում, ընկել են ծանրագույն դրության մեջ։ Մենք բազում անգամներ նշել ենք, որ առանց ռադիկալ քայլերի այս իրավիճակը շտկել չի ստացվի։ Այո, տարբեր առաջարկներ կան, թե ինչպես այս իրավիճակը շտկել։ Մենք առաջարկում ենք վարկային համաներման համակարգ ներդնել, պետության կողմից պետք է լինի ուղղակի սուբսիդավորում, և դրա շրջանակներում կարելի է բազմաթիվ խնդիրներ լուծել»,- շեշտեց պատգամավորը։
Արման Աբովյանը ներկայացրեց ՌԴ-ի փորձը, որտեղ եկամուտների ավելի քան 30%-ը կորցրած քաղաքացիներին վարկային արձակուրդ ստանալու իրավունք է տրվել ։ Եվ երբ նրանք դիմել են մասնավոր բանկերին՝ վարկային արձակուրդ ստանալու համար, դրա հետ մեկտեղ պետությունը որոշակի քայլեր է արել՝ դառնալով միջնորդ քաղաքացու և բանկի միջև։
«Մենք գիտենք, որ թե՛ անցյալում, թե՛ հիմա վարկեր են տրամադրվում ոչ միայն բանկերի, այլ նաև վարկային կազմակերպությունների կողմից, որոնց խնդիրները բազում անգամներ բարձրաձայնվել են, բայց դրանց լուծում չի տրվել։ Այսօր մենք ունենք մի լոմբարդային համակարգ, որն իսպառ ոչնչացնում է այն տրամաբանությունը, որ ֆինանսական կառույցը չպետք է լինի գումար վաճառող, այլ պետք է լինի մի իրավիճակ, որ ֆինանսական կառույցները քաղաքացու գործընկերը դառնան»,- շեշտեց նա։
Անդրադառնալով գյուղատնտեսական վարկերին՝ պատգամավորն ասաց, որ այսօր բազում գյուղացիներ զրկվել են իրենց միջոցներից. դրա առաջին պատճառն այն է, որ չեն կարողացել ժամանակին մուծել վարկերի տոկոսները։
Հարակից հրապարակումներ`
- ՀԲՄ. Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%
- ԿԲ խորհուրդը հակված է առաջիկայում ևս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը. Գալստյան
- Բերման են ենթարկվել «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ամդամները