Ողջունում եմ Գայանե Աբրահամյանի սկզբունքային մոտեցումը. Գորգիսյան
«Ես մանրամասների չեմ տիրապետում, գիտեի, որ տիկին Աբրահամյանը որոշակի ներքին անհամաձայնություն ունի որոշակի գործընթացների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։
Նրա խոսքով, սա նորմալ քաղաքական պրոցես է, ու խորհրդարանի ցանկացած խմբակցությունում կլինեն պատգամավորներ, որ մանդատը վայր կդնեն, կլինեն պատգամավորներ, որ մանդատը վայր չեն դնի, բայց խմբակցությունից դուրս կգան, և դրանից որևէ մեծ թեմա չպետք է սարքել.
«Անկեղծ եմ ասում, որ ինձ համար անակնկալ էր նրա որոշումը։ Բայց նորմալ, առողջ պրոցես է, որևէ խնդիր չկա»։
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ մանդատ վայր դնելն իր պատճառն ու նշանակությունն ունի։
«Բայց չեմ կարող չասել. քանի դեռ մեր ղեկավարի նկատմամբ նման քաղաքական գործընթաց է գնում, մեր համակիրներից որևէ մեկը չի կարող անտարբեր լինել և չպնդել՝ դատական գործընթացները չպետք է քաղաքական շարժառիթ ունենան։ Դրանով ուղղակի ամեն ինչ ասված է։ Շատ բաներ հենց սրանով երևում է, հենց սրա հետ է կապված. ինչ-որ երևույթների կիզակետին անընդհատ արագացված գործընթացներ են գնում։ Կապրենք, ամեն ինչ կտեսնենք»,- շեշտեց նա։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ շեշտեց՝ ողջունում է Գայանե Աբրահամյանի սկզբունքային մոտեցումը.
«Եթե պատգամավորը համաձայն չէ թիմի հետ, ճիշտ որոշում է մանդատը դնել և հեռանալը, այլ ոչ՝ մյուս տարբերակները»։