Բոլոր ցեղասպանությունները կարող էին կանխարգելվել․ Զոհրաբ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ 12-րդ նախարարական հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
«Հարգարժան գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել հանդիպման համակազմակերպիչներ Դանիային, Կոստա Ռիկային և Կատարին՝ տասներկու նախարարներին թեկուզ հեռավար միավորելու նախաձեռնության համար: Իմ առանձնահատուկ գնահատականն ու երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ բարեկամ դոկտոր Սայմոն Ադամսին՝ համաշխարհային մակարդակով կանխարգելման օրակարգն առաջ մղելու գործում իր հետևողական աշխատանքի համար: Շատ շնորհակալ եմ:
Տասնհինգ տարի առաջ մենք՝ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներս, հաստատեցինք պաշտպանելու պատասխանատվությունը՝ որպես հաստատուն քաղաքական հանձնառություն` ժողովուրդներին պաշտպանելու զանգվածային ոճրագործություններից, այդ թվում՝ ցեղասպանության հանցագործությունից:
Պաշտպանելու պատասխանատվությունը և՛ քաղաքական, և՛ բարոյական հանձնառություն է: Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայից բխող իրավական պարտավորությունների հետ մեկտեղ այն նաև կանխարգելման կարևոր գործիք է:
Որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն իր առաջնահերթությունների շարքում ընդգրկել է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի ամրապնդմանը նպաստելը: Գրասենյակի կայուն և արդյունավետ գործունեությունն այսօր շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն: 2015թ.-ին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Այս կերպ մենք միասնաբար ձևավորել ենք լրացուցիչ հարթակ՝ զարգացնելու և նպաստելու կանխարգելման օրակարգին ուղղված մեր հավաքական ջանքերին: Մենք հետևողականորեն ընդգծել ենք ինչպես ազգային, տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում կարողությունների ուժեղացման անհրաժեշտությունը՝ վերհանելու և հասցեագրելու վաղ կանխարգելման ազդակները, որոնք կարող են հանգեցնել զանգվածային ոճրագործությունների: Ընդգծել ենք նաև վաղ փուլերում ցեղասպանությունն ու այլ զանգվածային ոճրագործությունները կանխելու անհրաժեշտությունը: Բոլոր ցեղասպանությունները կարող էին կանխարգելվել՝ լինի դա Հայոց ցեղասպանությունը, Հրեաների հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը կամ այլ ոճրագործություններ:
Ատելության, անհանդուրժողականության, ծայրահեղականության, պատերազմի քարոզչության, ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների դեմ խտրականության տարածումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության վրա թիրախավորված հարձակումները շարունակում են ձևավորել աշխարհի տարբեր անկյուններում ներկայիս իրականությունը։ Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը և իր անդամ երկրները դեռևս լավ պատրաստված չեն այս ահազանգին ժամանակին և վճռական կերպով հակազդելու համար։
Լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն, որ միջազգային հանրությունն անուշադրության է մատնում հնչեցվող սպառնալիքները, այդ թվում անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ժխտումը և արդարացումը՝ միահյուսված որոշ քաղաքական գործիչների կողմից զոհերի սերունդներին անցյալի «դասերը» հիշեցնելու մասին ագրեսիվ և վիրավորական բառապաշարով. սա չափազանց անհանգստացնող է։ Ապագա հանցագործները քաղաքակիրթ աշխարհի նորմերի նկատմամբ նման բարբարոս խախտումների մասին լռությունը մեկնաբանում են որպես սպանության թողտվություն:
Ոչ մի պարագայում ինքնիշխանությունը չի կարող արդարացում դառնալ մարդու իրավունքների ծանր և կոպիտ խախտումներ իրականացնելու համար նրանց հանդեպ, ովքեր խաղաղ իրացնում են իրենց մարդու իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը: Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո: Այս առումով պաշտպանելու պատասխանատվությունը շատ կարևոր է, քանի որ այն հիշեցնում է, որ ինքնիշխանությունը ոչ թե անպատժելիության արտոնությունն է, այլ` պատասխանատվություն: Ինքնիշխանությունը պետք է լինի հենց պաշտպանելու պատասխանատվության արդյունավետ կիրարկման առաջնային և ամենագործնական մակարդակը: Պաշտպանության ազգային կարողությունները հզորացնելու ուղղությամբ միջազգային համագործակցությունը շարունակում է առավել քան երբևէ կարևոր լինել:
Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը ժողովրդավարական հասարակության անքակտելի մասն է: Կարևոր է իրականացնել մարդու իրավունքների վերաբերյալ ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները և սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հետ:
Այս համատեքստում նույնքան կարևոր է ընդգծել քաղաքացիական հասարակության դերը պաշտպանության, վաղ նախազգուշացման, վերապատրաստման և կրթության գործում: Այս առնչությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Համաշխարհային կենտրոնի ունեցած կարևոր դերակատարությունը։ Նման առաջնահերթություններն ամրագրվել են Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևում, որը ներկայացվել է Հայաստանի կողմից և 2020թ. հունիսին միաձայն ընդունվել Մարդու իրավունքների խորհրդի կողմից:
2015թ. ի վեր Հայաստանը պարբերաբար հյուրընկալել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումներ` համախմբելով ցեղասպանության կանխարգելման ոլորտում հայտնի գիտնականների և գործիչների ամբողջ աշխարհից: Սա է մեր անսասան հանձնառությունն ու ներդրումը ցեղասպանության հանցագործության և այլ զանգվածային ոճրագործությունների դեմ համաշխարհային համայնք կառուցելու գործում:
Առաջիկա 4-րդ գլոբալ ֆորումը կրելու է «Կանայք և աղջիկները. մարտահրավեր զոհի կարծրատիպին» խորագիրը և հասցեագրելու է կանանց և աղջիկների նկատմամբ ցեղասպան բռնության հիմնական պատճառները և հետևանքները: Համաժողովին անդրադարձ է կատարվելու սեռական և գենդերային բռնությունները կանխարգելելու և իրավախախտներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը:
Զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը պատասխանատվություն է, որը կիսում ենք բոլորս, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը` ակտիվորեն նպաստելու գլոբալ կանխարգելման օրակարգի առաջմղմանը:
Շնորհակալություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան