Նոր աշխարհ, նոր ճանապարհ Հայաստանի
Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հղած ուղերձում արտահայտած մի միտք հանդուգն երազանքներ արթնացրեց։ Խոսքը հետևյալ արտահայտության մասին է․ «Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մենք պարտավոր ենք մտածել միաժամանակ և՛ արդիականացման, և՛ մեր ազգային ինքնության պաշտպանության հուսալի մեխանիզմների մասին»։
Երազանքները հանդուգն են այնքանով, որ ցանկություն է առաջանում դեն նետել մարդկության փորձած բոլոր հասարակարգերը և ստեղծել նորը, որը կլինի ազգային և միևնույն ժամանակ համամարդկային, ավանդական և միևնույն ժամանակ գերժամանակակից։ Մեկ է՝ կորոնավիրուսն այնպես է փոխել ու դեռ այնքան է փոխելու աշխարհը, որ էքսպերիմենտներն անպակաս են լինելու բոլոր բնագավառներում։ Ուրեմն ինչու մենք չենք կարող ոսկերչորեն համատեղելով մեր ազգի անցած դարավոր փորձը ժամանակակից աշխարհի թելադրանքների հետ՝ ձևավորել նոր հասարարական հարաբերություններ։
Սա թերևս օդում թևածող գաղափար է, քանի որ տարբեր ելևէջներով լսելի են առանձին անհատների մոտեցումները , որոնք ժամանակի ընթացքում կարող են և միս ու արյուն ստանալով իրականություն դառնալ։ Մեր ապրած կյանքը որոշակի հետևություններ անելու հիմք է տալիս, քանի որ 20-րդ դարի երկրորդ կեսի մեր սերունդը մի քանի ֆորմացիա տեսավ․․․ ապրեցինք սոցիալիզմի օրոք, մոտեցանք կոմունիզմի մատույցներին, հետո ընկանք կապիտալիզմի գիրկը՝ զուգահեռաբար «վայելելով» ժողովրդավարության պտուղները։
Կյանքը ցույց տվեց, որ վերջին երկուսը իրականում բանի պետք չեն․ կապիտալիզմը շատ կետերում իրոք համապատասխանում է սովետի ժամանակ քարոզվող «փտած, նեխած իմպերիալիզմի» պատկերին։ Իսկ այ, ժողովրդավարության դեպքում շատ հետաքրքիր պարադոքս ստացվեց ․ բանից պարզվեց, որ այդքան գովերգված ժողովրդավարությունն ընդամենը ժողովրդի ականջից լապշան հաջող կախելու արվեստ է։ Այս իմաստով լավագույն օրինակ է 2018-ի թավշյա հեղափոխությունը, որը սուտ խոսքի ու խոստումների անհատակ ծով էր։
Հետագայի համար «չի կարելիների» մի ամբողջ փունջ պետք է արձանագրել այս վարչախմբի գործունեությունից։
Չի՛ կարելի, օրինակ, Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը դարձնել օրակարգային այն ժամանակ, երբ արտաքին թշնամին բացահայտում է գաղտնի բանակցություններ անցկացնելու քո ծրագիրը՝ «Հաքին․ազ»-ում հրապարակելով սորոսական Արսեն Խառատյանի ոդիսականը։ Չի՛ կարելի սովորություն դարձնել հակառակորդի կողմից միջազգային հարթակներից հնչող հոխորտանքներն ու մեղադրանքները «հպարտ» լռությամբ անտեսելը։ Չի՛ կարելի «գեղացիական շուստրիություններով» արտաքին քաղաքականություն վարել։ Չի՛ կարելի օտարածին ծրագրերով պետություն կառավարել։ Չի՛ կարելի ժողովրդին անվերջ խաբել։ Եթե սա է ժողովրդավարությունը, ապա մեզ այն պետք չէ։ Հայությանը պետք է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսանության կողմից ընդունված սեփական հայկական ճանապարհը։ Աշխարհը հերթական հսկայական փոփոխության շրջանն է ապրում։
Դժվար է ասել, թե ինչպիսին այն կլինի համավարակի ավարտից հետո։ Մեր տեղն այդ նոր աշխարհում այսօրվանից պետք է նշմարենք և աշխատենք այդ ուղղությամբ։ Անշուշտ, ոչ այս իշխանությունների ներկայությամբ, քանի որ համավարակից շատ ավելի մեծ է ազգին հասցրած նրանց վնասը։
Լիա Իվանյան, հրապարակախոս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին