Հայաստանում շինարարության ծավալները կրճատվել են 22.6 տոկոսով
2020 թվականի հունվար-հուլիսին 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում շինարարության ծավալները կրճատվել են 22.6 տոկոսով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, պետական բյուջեից ֆինանսավորվող շինարարությունը նվազել է 20 տոկոսով: Սա այն դեպքում, երբ ընթացիկ տարում կապիտալ շինարարությանը պետությունն արդեն ուղղել է 31 մլրդ դրամ:
Դրանցից բացի Հայաստանում իրականացվում են 40 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք հիմնականում շինարարության ոլորտներում են իրականացվում:
Էական անկում է գրանցվել միջազգային վարկային ծրագրերով իրականացվող շինարարության ծավալներում: Այստեղ արձանագրվել է 37.6 տոկոսի անկում:
Նախորդ տարվա համեմատ որոշ հատվածներում արձանագրվել է նաև շինարարության աճի դեպքեր: Այս տարի օտարերկրյա ներդրողների կողմից իրականացվող շինարարության ծավալն աճել է 65.7 տոկոսով, սակայն այն շատ փոքր է՝ մոտ 11 մլրդ դրամ՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին իրականացվել է 137.5 մլրդ դրամի շինարարություն:
34.3 տոկոսով կրճատվել են նաև անհատների կողմից իրականացվող շինարարության ծավալները: