«Հայ Ֆեստ»-ի օրերին կարելի է սեփական պատշգամբից դիտել ներկայացում-ցուցադրություններ
«ՀԱՅ ՖԵՍՏ» 18-րդ միջազգային թատերական փառատոնը կկայանա հոկտեմբերի 1-8-ը: Համավարակի պայմաններում՝ այն կանցկացվի նոր ձևաչափով և նոր լուծումներով։ Առաջին անգամ փառատոնը կանցկացվի ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։ Փառատոնի կարգախոսն է՝ «Լինե´լ․ սա խնդիր չէ» (“To BE! That's not a question!”):
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն կներկայանա երեք հիմնական ծրագրով:
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ի գլխավոր ու աննախադեպ անակնկալը կլինի այն, որ փառատոնը կհյուրընկալվի երևանյան տարբեր թաղամասեր․ «ՀԱՅ ՖԵՍՏԸ գալիս է ձեր տուն» խորագրով։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կարտացոլվեն բնակելի շենքերի պատերին, ինչը հնարավորություն կտա առանց տանից դուրս գալու (սեփական պատշգամբից) հետևել ներկայացումների ընթացքին։ Փառատոնի կազմակերպիչները հաշվի են առել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները։
Գերհագեցած կլինեն փառատոնի առցանց հարթակները. կցուցադրվեն 5 բացառիկ աշխարհահռչակ ներկայացումներ․ ձեռք է բերվել մեկանգամյա ցուցադրության իրավունք։
Փառատոնի շրջանակում կանցկացվի թատերական մեծ համաժողով՝ «Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև» թեմայով, որը կամուրջ կստեղծի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ճանաչված թատերական փառատոների տնօրենների, բեմադրիչների, թատերագետների միջև:
Կանցկացվեն նաև վարպետության դասեր։
Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը հյուրընկալելու է IETM կատարողական արվեստի միջազգային ցանցի առցանց հանդիպումը։ Այս հանդիպումը նախատեսվում էր լինել Հայաստանում, բայց COVID - 19-ի պատճառով կլինի առցանց։
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
2019-2020թթ. Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա