Ինձ մոտ նման կարծիք չի ձևավորվել, որ Խունդկարյանը հատուկ եկել է՝ ՍԴ նախագահ դառնալու. Շաթիրյան
«Կարծում եմ նախագահի ընտրության հարցում այսօր կլինի վերջնարդյունք, թե ինչպիսին դա կլինի, դեռ չեմ կարող ասել»,- այսօր ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Էդգար Շաթիրյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի արդեն երրորդ օրն անցկացվող ընտրությանը։
Հարցին, արդյո՞ք իր համար ընդունելի է Երվանդ Խունդկարյանի առաջադրումը, կամ տարօրինակ չէ՞, որ ընդամենը մեկ անդամ է առաջադրվել, Է. Շաթիրյանը պատասխանեց՝ վերաբերմունքս կարտահայտեմ ընտրության միջոցով։
Դիտարկմանը, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն, օրինակ, խոսում էր իշխանությունների հետ եղած պայմանավորվածությունների մասին, Արթուր Վաղարշյանը ևս չէր բացառել, որ Երվանդ Խունդկարյանի առաջադրումը պայմանավորվածության արդյունք է, ՍԴ անդամն արձագանքեց՝ ՍԴ յուրաքանչյուր դատավոր ազատ է իր կարծիքն արտահայտել ցանկացած հարցի վերաբերյալ։
«Հավելյալ մեկնաբանությունների կարիք, կարծում եմ չկա։ Բայց ինձ մոտ նման կարծիք ու տպավորություն չի ձևավորվել, որ Երվանդ Խունդկարյանը հատուկ եկել է՝ ՍԴ նախագահ դառնալու»։
Հարց. Դուք այլ արժանի թեկնածու չե՞ք տեսել, որ չեք առաջադրել ՍԴ նախագահի պաշտոնում, կամ ինչո՞ւ չեք ինքնաառաջադրվել։
Է. Շաթիրյան. Ես ներքուստ որոշել էի, որ այս փուլում ոչ պետք է ինքնաառաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնում, ոչ էլ որևէ մեկին առաջադրել։ Դա իմ ներքին համոզմունքն էր։ Այդպես նպատակահարմար գտա։
Հարց. Քննարկումներն ինչպե՞ս են անցնում. հին ու նոր կազմերը կարողանո՞ւմ են իրար հետ աշխատել, թե՞ կա բևեռվածություն։
Է. Շաթիրյան. Այն, որ կարող է լինել բուռն բանավեճ, հարցերի շուրջ տարբեր տեսակետներ կարող են հնչել, նորմալ է։ Իսկ Ձեր հարցը ծայրահեղություն էր։ Այս աշխատակարգային նիստին մասնակցում են ՍԴ բոլոր դատավորները, իսկ ահա Հրայր Թովմասյանը հայտնել է իր տեսանկյունը։
Հարց. Արդյո՞ք նորմալ է, որ մեկ ամբողջ օր միայն որոշվում է՝ նիստը դռնբաց անել, թե՞՝ ոչ։
Է. Շաթիրյան. Կարծում եմ, սա նորմալ է։ Հանրության շրջանում կա բավականին մեծ հետաքրքրություն։ Եվ խնդիրը իրականում տեխնիկական է։
Հարց. Իսկ փոխնախագահի հարցով ի՞նչ կարող եք ասել։
Է. Շաթիրյան. Օրակարգի այս հարցը պետք է սպառենք, ապա անցնենք փոխնախագահի հարցին։ Կրկին առաջադրում և ինքնաառաջադրում է լինելու։
Հարց. Հնարավո՞ր է, որ այսօր ևս չընտրվի ՍԴ նախագահ։
Է. Շաթիրյան. Տեսականորեն ոչինչ չեմ բացառում։
Հարց. Դուք հարցեր ունե՞ք՝ ուղղված պարոն Խունդկարյանին։
Է. Շաթիրյան. Մի քանի հարց գրի եմ առել, որ քննարկումների ընթացքում բարձրացնեմ։ Չէի ուզի այդ հարցերը ներկայացնել։
Հարց. Իսկ Ձեզ համար ընդունելի՞ թեկնածու է պարոն Խունդկարյանը։
Է. Շաթիրյան. Հասկանալի պատճառներով չեմ կարող կարծիքս բարձրաձայնել։ Բայց ունեմ հստակ դիրքորոշում։ Ինչ գնահատական հիմա հնչեցնեմ, սուբյեկտիվ է լինելու, այդ իսկ պատճառով ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններ հնչեցնել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին