Սմբատ Գոգյան. Չօգնեցի, որովհետև յուրայինների մեջ էլ օտար էի
ԲՈԿ արդեն նախագահ Սմբոտ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բնականաբար Ազարյանը, Հայրապետյանն ու Գալոյանը միակ գրագողերը չեն։ Շատ են, շատ-շատ։ Տասնյակ մարդկանց հանեցի մասնագիտական խորհուրդների կազմերից, սակայն ոչ մեկի անունը բարձրաձայն չհնչեցրի։
Աճեմօղլուն իր հայտնի գրքում գրում է ինստիտուտների կարևորության մասին։ Միայն և միայն ինստիտուտների։ Ազարյանը գրագող է, բայց դատական համակարգը այդ մտքի հետ հաշտ է։ Խնդիր չկա, թող լինի։ Ես էլ եմ հաշտ այդ մտքի հետ։
Ռուբեն Հայրապետյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն հաշտ չէ այդ մտքի հետ։ Շատ ուրախ եմ։ Հետո պարզվում է, որ Դիանա Գալոյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն անտարբեր է այդ փաստի նկատմամբ։ Այ, այստեղ Աճեմօղլուն կզայրանար։ Զայրացա և ես։ Փաստորեն ԿԳՄՍՆ-ն գործում է ոչ թե որպես ինստիտուցիոնալ միավոր, այլ…։ Հետագա զարգացումներին ծանոթ եք։
Ինչևէ։ Ցանկանում էի համակարգը փոխել, սև ընդդիմախոսին վերացնել, խորհուրդները սարքել միջազգային, ըստ բնագավառների պաշտպանության՝ չափանիշներ սահմանել, աստիճանաշնորհման կանոնակարգը փոխել, սակայն այդ ամենը թույլ չտվեցին։ Թույլ չեն տալիս, իսկ օրենքի փոփոխության 5 էջանոց նախագիծն (շնորհակալություն Armen Asatryan) արդեն 11 ամիս է՝ ԿԳՄՍ նախարարությունում է։
Համաձայն Աճեմօղլուի՝ ինստիտուտները պետք է համագործակցեն։ ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսների ցուցակի ձևավորման սկզբունքը մութ ու անհասկանալի էր։ Առաջարկ ներկայացրի, և կառավարության 2019-2023 ծրագրի 175.4 կետով ամրագրվեց, որ մինչև 2019 թվականի նոյեմբեր պետք է ռեյտինգավորվեին Հայաստանում տպագրվող բոլոր գիտական պարբերականները։ Չափանիշները մշակեցինք, իսկ ռեյտինգավորումը հանձնարարվեց Գիտության կոմիտեին՝ ԿԳՄՍ նախարարի վերահսկողությամբ։ Ժամանակն անցավ, 2019-ի դեկտեմբերին և 2020-ի ապրիլին հարցումներ ուղարկեցի ԿԳՄՍ նախարարին, բայց ոչ մի պատասխան չստացա։ Ստացվում է ի՞նչ։
Հարցը ներառվեց կառավարության ծրագրում, խումբը ձևավորվեց, աշխատանքը «կատարվեց», «բարեհաջող» ավարտվեց, հաշվետվություն ներկայացվեց կառավարություն... ամբողջ աշխատանքը գրանցվեց, իրականացվեց, ամփոփվեց, բայց արդյունքը չկա։
Այս գործելաոճն էր պատճառը, որ երբ 2020 թվականի օգոստոսի 24-ին կառավարության շենքում ծառայողական քննության շրջանակներում ինձ ոչ երկիմաստ հարց տվեցին, թե արդյո՞ք կշարունակեմ աշխատել Արայիկ Հարությունյանի հետ, ես ոչ երկիմաստ պատասխանեցի` ոչ։ Այնպես որ ընկերներիս խնդրում եմ կառավարությանը չմեղադրել ինձ աշխատանքից ազատելու համար։ Ես ինքս երեկ` ժամը 16։00-ի կողմերը, աշխատանքից ազատվելու երկրորդ դիմումն եմ գրել, որն էլ Վարչապետն ընդունել է։
Ինչևէ։ Կյանքը շարունակում է։ Ես իսկապես կուզենամ, որ իմ երեխաները սովորեն Արայիկ Հարությունյանի պատկերացրած դպրոցում։ Որքան էլ զարմանալի լինի, ես Արայիկ Հարությունյանի շատ մտադրությունների կողմնակիցն եմ։ Խնդիրը դրանք կյանքի կոչելու ձևերի մեջ է։ Ինձ համար կրթության կառավարումը ոչ թե տարանջատելու, այլ միավորելու հարթակ է։
Բոլորս պետք է հասկանանք, որ և՛ դաշնակցականը, և՛ հանրապետականը, և՛ քպականը և՛ լուսավորը և՛ քոականը պետք է իրար կողքի ապրեն այս երկրում։ Բոլորի կարծիքն էլ պետք է լսել, քննարկել, շատ դեպքերում համոզել։ Որոշումները պետք է կայացվեն բոլորի հետ հաշվի նստելով։ Այդ դեպքում ձևավորված նեղ «թայֆայական» խմբին չի հաջողվի մոլորեցնել նախարարին։ Հուսով եմ, որ այս ամենից Արայիկ Հարությունյանը հետևություն կանի ու ավելի փակվելու փոխարեն կբացվի։ Կբացվի ու ուշադիր կզննի իր շուրջը, կհասկանա, թե ումով է շրջապատված։ Կզրուցի այն խորհրդականի հետ, ում խորհրդով ինձ ստորացնող, ծաղրող նկար էր հրապարակել ֆեյսբուքում։ Կխորանա իր մեջ ու կհասկանա, թե ինչո՞ւ այդպես եղավ, որ տապալեց Ռուբեն Հայրապետյանին (ում անվերապահ աջակցում էր), սակայն անվերապահ աջակցեց նույն իրավիճակում հայտնված Դիանա Գալոյանին։ Անտրամաբանական է, որ ԿԳՄՍ նախարարն արդեն 8 ամսից ավելի չունի մամուլի խոսնակ, 5 ամիս չունի իրավաբանական վարչության պետ։ Քաղաքական կապիտալի պակասորդ դեռևս չկա, բայց պրոֆեսիոնալիզմի պակասը մաշելու է այն։
Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել։ Որովհետև հինգ տարի անց որևէ առիթով կհանդիպենք, ու կա՛մ կմոտենամ ու կասեմ շնորհակալություն կրթական համակարգը ճիշտ ուղու վրա հանելու համար, կա՛մ էլ ամաչելով հայացքդ ներքև կիջեցնես: Շատ կուրախանամ, որ հաջողես, բայց այդ ցանկությունս անձնավորված չէ, քեզ հետ չի կապված. ես ուրախանում եմ կրթության ոլորտի յուրաքանչյուր հաջողությամբ, յուրաքանչյուր նախարարի հաջողությամբ։ Ցավոք, թե՛ նախկիններից շատերը, թե՛ դու գլուխ գովալու շատ բան չունեք։ Բայց հուսով եմ՝ դու կունենաս։ Թերևս, մի քիչ պաթետիկ ստացվեց, բայց ես իսկապես ճիշտ այսպես եմ մտածում:
ՀԳ. Վերջին երկու տարիներին շատ բաներ սովորեցի, բայց քչով կարողացա օգնել։ Չօգնեցի, որովհետև յուրայինների մեջ էլ օտար էի։ Այսօրվանից վերադառնում եմ այն յուրայիններիս մոտ, որոնց համար օտար չեմ։ Ու ուրախ եմ, որ վերջին երկու տարիներին հարազատ յուրայիններիս ցուցակը հարստացավ մարդկանցով, որոնց չէի ճանաչի, եթե չդառնայի ԲՈԿ-ի նախագահ։ Կապի մեջ կլինենք Անահիտ, Ալիկ, Արսեն, Գոհար, Գոռ, Մամիկոն, Միքայել և մյուսներ։ Սասուն Գևորգյան մի քիչ էլ քեզ, բայց շատ քիչ դոզայով»։
Հարակից հրապարակումներ`
- Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից
- Սմբատ Գոգյան. Իմ առաջ քաշած խնդիրները նախարարությունը չի էլ հերքել
- Սմբատ Գոգյանը լքել է նախարարությունում հրավիրված լսումները
- Գոգյան. Իսկապե՞ս հրաժարվել եմ հանցագործության մասին հաղորդում տալ
- Սմբատ Գոգյան. Չեմ փոշմանել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան