Ադրբեջանի իշխանությունն աշխարհում հանդես է գալիս որպես ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմ. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել մեկնաբանությամբ Ադրբեջանի նախագահի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ունեցած ելույթի վերաբերյալ.
«Տարածաշրջանի ժողովուրդները ժառանգել են բարդ հակամարտություն, որի վերջնական հանգուցալուծումը ենթադրում է այնպիսի տարբերակի համաձայնեցում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Միայն այդ ժողովուրդների մանդատը վայելող իշխանություններն են ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու և խաղաղություն հաստատելու քաղաքական կամքը: Հայաստանում և Արցախում ձևավորվել են իշխանություններ, որոնք ստացել են ժողովրդական քվե և պատրաստ են երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների հետ:
Իշխանությունը հորից ժառանգած և մեկ ընտանիքի շրջանակներում այն կիսող Իլհամ Ալիևն այդպիսի առաջնորդ չէ: Նրա իշխանությունը մշտապես հիմնված է եղել հակամարտության շահարկման, սեփական հասարակությունում Հայաստանի և հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի արմատավորման, այլ ոչ թե սեփական հասարակության կարիքների լուծման վրա:
Իլհամ Ալիևի օրոք է Ադրբեջանը բաց թողել «նավթային բում»-ի միջոցով ժամանակակից երկիր և հասարակություն կառուցելու պատմական շանսը: Այսօր Ադրբեջանի իշխանությունն աշխարհում հանդես է գալիս որպես ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմ, որն օգտագործում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակը, սեփական ժողովրդին հարստահարելու և լռեցնելու համար:
Տարածաշրջանում գործ ունենք իշխանական մի համակարգի հետ, որտեղ արժեքները փոխարինված են անձի, դինաստիայի և սեփական հարստության պաշտամունքով, իսկ շահերը ենթադրում են ժառանգականության վրա հիմնված իշխանության պահպանումն ամեն գնով: Ցավալի է, որ այդ «ամեն գինը» վճարել և վճարում է ձայնից զրկված Ադրբեջանի ժողովուրդը»:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Փաշինյանը վախեցնում է Ալիևին սեփական կոմպրոմատով
- Ադրբեջանական իշխանությունները պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից.Արցախի ԱԳՆ
- Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների. Փաշինյան
- ՄԱԿ-ի «ծնունդին» Ալիևի շնորհավորանքը՝ «Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ ագրեսիայի»
- Հայաստանն ու Արցախն ամբողջովին հզոր են պաշտպանելու իրենց, իրենց շահերը, իրենց սահմանները. Զոհրաբ Մնացականյան