Փաշինյան. Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիա տարածել, վախենամ՝ Ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունանա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:
Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում մասնավորապես նշել է.
«Ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև գործակցությանը նոր լիցք է հաղորդվել, և փոխվստահության շատ բարձր մակարդակ կա, ինչը, իհարկե, շատ հեշտացնում է մեր բոլորիս աշխատանքը և նախադրյալներ ստեղծում դրա արդյունավետության համար:
Գիտեք, որ տարածաշրջանում, ցավոք, բավական լարված իրավիճակ է հաստատված: Ըստ էության, մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն: Այս վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ՝ այն տրամաբանությամբ, որ մենք արել ենք և անում ենք հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում բանակցությունները:
Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի և Արցախի դիրքորոշումը խիստ կառուցողական է: Էլի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ես արել եմ աննախադեպ հայտարարություն մեր իրականության և ընդհանրապես հակամարտության պատմության ողջ ընթացքի համար՝ ասելով, որ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Արցախի ժողովրդի համար՝ ակնկալելով, որ այս հայտարարությունը համարժեք արձագանք կգտնի Ադրբեջանի ղեկավարության շրջանում, ինչը բանակցություններում ճեղքում արձանագրելու մեծ հնարավորություն կտար:
Բայց ո՞րն էր Ադրբեջանի արձագանքը՝ այն էր, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ըստ էության, այս հայտարարությունը նշանակում է հետևյալը, որ Ադրբեջանը, որպես նախապայման, առաջադրում է Ղարաբաղի հարցի կարգավորման մի բանաձև, որի էությունը 1988 թվականի ստատուս քվոյին վերադառնալն է:
Հետևաբար, հարց՝ ինչպե՞ս կարելի է կարգավորել որևէ հակամարտություն՝ վերադառնալով նրա ակունքներին: Այսինքն՝ սա դուրս է տրամաբանությունից, որ որևէ հակամարտություն հնարավոր է կարգավորել՝ վերադառնալով նրա ծագման իրավիճակին: Այսինքն՝ ոչ թե հակամարտությունը լուծել, բերել զրոյական կետի, այլ սկսել նոր հակամարտություն:
Ի՞նչ իմաստ ունի որպես հակամարտության կարգավորման նպատակ ձևակերպել նոր հակամարտության մեկնարկը: Սա, իհարկե, անտրամաբանական և ապակառուցողական մոտեցում է, և ուզում եմ ընդգծել, որ մեր բոլոր այն հայտարարությունները, որոնք, այսպես ասած, ականջահաճո չեն Ադրբեջանի ղեկավարությանը, մեր համարժեք արձագանքն են նրանց արած ապակառուցողական հայտարարություններին: Ընդ որում՝ ուզում եմ էլի հստակ ասել, որ Ադրբեջանը փորձում էր բանակցային գործընթացի հիմքում դնել հետևյալ տրամաբանությունը՝ միակողմանի զիջումներ արեք, թե չէ Ադրբեջանն ուժային մեթոդներով կլուծի հարցը:
Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետև մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Մենք շատ երկար՝ և՛ անձամբ, և՛ հեռակա, և՛ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքի:
Նաև հրապարակային եմ ասել, մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում: Եթե Ղարաբաղի հարցն ունի ուժային լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կասի՝ ես վաղուց դա լուծել, ավարտել եմ: Վերջ: Էլ ինչ ենք քննարկում: Բայց մենք ասում ենք՝ ոչ: Մենք համաձայն ենք, որ պետք է երկարատև, կայուն խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, և դրա համար առաջարկում ենք բանաձև, որևէ լուծում:
Սա Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ղեկավարների անձնական պատասխանատվությունն է, և մենք պետք է չարչարվենք, աշխատենք՝ գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Ընդ որում՝ թվարկումների հերթականությունն այստեղ բացարձակապես էական չէ: Մենք կարող ենք հակառակն ասել: Նկատի ունեմ՝ այստեղ թվարկումը ոչ թե ըստ կարևորության է, այլ բոլորը նույն հարթության վրա են:
Բայց, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա:
Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական:
Ընդ որում՝ ուզում եմ շատ կարևոր մեկ բան արձանագրել, որ մեր գործերը, ասելիքը, ասածները, մեր հաղորդած բովանդակությունը բաց և փակ սենյակներում որևէ կերպ իրարից չեն տարբերվում՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում: Կարծում եմ, որ որևէ մեկը սրանում պետք է չկասկածի: Ինչքան էլ մենք տուժում ենք, մենք մեր ժողովրդի հետ խոսում ենք միայն ճշմարտության լեզվով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան