Ինձ մոտ վրդովմունք է առաջանում, երբ վարչապետն ասում է ինչ-որ բաներ, որոնց չի տիրապետում. Լարիսա Ալավերդյան
«Թող չթվա, որ դա փոքր խնդիր է, օրինակ, ռազմական գործողությունների համեմատ։ Դա այդպես չէ։ Հենց հասարակության քայքայումը, հենց ամբողջական այս իրարամերժ հայտարարությունների ֆոնի վրա, որոնք հնչել են հենց նոր իշխանությունների կողմից՝ իրարամերժ, շատ վտանգավոր։ Մենք էլի հնարավորություն ունեցել ենք դրա մասին խոսել, նա ուզում է այդ անորոշությունը դարձնել զենք և պայթեցնել այդ հարցը ներսից, որ Հայաստանում համոզված լինեն, որ ահա նոր իշխանությունը դրժել է, թե տեսեք՝ ո՞վ է ձեր իշխանությունը, նրանք մեզ խոստացել են և դրժել են»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանում հնչող հայտարարություններին։ Բանախոսը գտնում է, որ Ադրբեջանը ցանկանում է, որ իր խոսքի նշանակությունը ավելի մեծ լինի Հայաստանում, քան հայկական կողմին:
«Էլ ի՞նչ անի Իլհամ Ալիևը, որ Հայաստանում հասկանան իր քաղաքականությունը»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը և հայտարարեց, որ այն անվստահությունը, որ կա Հայաստանում նոր իշխանությունների հանդեպ արտաքին քաղաքականության և հարաբերությունների հանդեպ ընդհանուր առմամբ և Արցախի հարցում՝ մասնավորապես, Ադրբեջանը փորձում է դարձնել զենք:
«Ինձ մոտ վրդովմունք է առաջանում, երբ վարչապետը ասում է ինչ-որ բաներ, որոնց չի տիրապետում, նա ջնջում է անջնջելին: Ես չեմ խոսում իշխանությունների մասին, ես խոսում եմ ժողովրդի մասին: Այս տարիների ընթացքում ժողովուրդը շան քթից ջուր խմեց, էլ ինչ անի: Ինչպե՞ս կարելի է դա զրոյացնել, ինչպե՞ս կարելի է երկրի պատմությունը նույնականացնել իշխանավորների այս կամ այն սխալների հետ»,- հայտարարեց Ալավերդյանը և նկատեց, որ բոլոր երեք նախագահների ժամանակ էլ ինչ-որ մի դրական բան եղել:
Նրա խոսքով, այդ ժամանակ եղել են նաև բացասական բաներ և բերեց առաջին նախագահի օրինակը, որը ամբողջովին քանդել էր տնտեսությունը:
«Բոլոր գյուղերում եղել են փոքր գործարաններ և ֆաբրիկաներ, բառիս բուն իմաստով քարը քարի վրա չթողեցին»,-նշեց Հայաստանի առաջին օմբուդսմենը և հիշեց նաև առաջին նախագահի ժամանակ արձանագրված դրականը՝ երբ խորհրդային համակարգից անցման գործընթացներ մեկնարկեցին: Նրա համոզմամբ, բոլոր ժամանակներում իշխանությունում եղել են նվիրյալներ, որոնք հնարավորինս նվազեցրել են այն կորուստները, որոնք ընդհանրապես կարող էին լինել բախտորոշ:
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ Թուրքիան և Ադրբեջանը ունեն ռազմավարական ծրագիր, որտեղ Հայաստանը խանգարող հանգամանք է։ Ըստ նրա, վերջին տարիներին Թուրքիան և Ադրբեջանը գործում են որպես երկու պետությունների միություն:
«Այն, որ նրանք դա դե յուրե չեն արել կամ կարող է դեռ առժամանակ չանեն որևէ մի ձևով՝ չպետք է մեզ մոլորության մեջ գցի»,- նշեց բանախոսը և անդրադարձավ հայաստանյան որոշ վերլուծաբանների այն մտքերին, թե Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականության մեջ տարբերություն կա մասնավորապես՝ Արցախի և Հայաստանի հարցում։ Ալավերդյանը նման դատողություններն անթույլատրելի միամտություն որակեց։
«Մենք պետք է լուրջ ընդունենք, որ մենք ունենք երկու հարևան պետություններ, որոնք որ դարեր շարունակ, իսկ հարյուր տարի առաջ այդպես էլ չկարողացան ավարտել ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում։ Նրանք բոլորովին չեն հրաժարվել այդ մտքից, խիստ հակառակը»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան