Ալիևը եզրակացրել է, որ Հայաստանին անվճար զենք են տալիս
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում նախօրեին ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի գրեթե ողջ ելույթը, ինչպես սպասելի էր, Հայաստանի մասին էր ու վերջին 30 տարիներին Հայաստանի հետ Ադրբեջանի ունեցած «վատ փորձությունների»։
Հուլիսյան մարտերից հետո Ադրբեջանի ամբողջ համակարգը առաջին գիծ է հանել սեփական պրոպագանդայի ողջ արսենալը, որն էլ Ալիևը ևս մեկ անգամ, իրենց գրած թեզերի տեղեկանքներն ամենայն մանրամասնություններով, անուններով, թվերով, կարդաց ՄԱԿ-ի ելույթում։
Ալիևն ասում է, թե Հայաստանին ԱՆՎՃԱՐ զենք են տալիս։ Ըստ Ալիևի, դեպի Հայաստան հուլիսի կեսերից, հայ-ադրբեջանական սահմանին վերջիններիս ռազմական ագրեսիայից հետո, Հայաստան առաքվել է ավելի քան 1000 տոննա ռազմական բեռ։
Եվ, ըստ Ալիևի, «հաշվի առնելով, որ Հայաստանը ամենաաղքատ երկրներից մեկն է և չունի միլիարդավոր դոլարներ սարքավորումներ գնելու համար», Ալիևը եզրակացրել է, որ Հայաստանն այդ ապրանքներն անվճար է ստացել:
Սեփական եզրահանգումից հետո էլ երկրներին կոչ է անում զերծ մնալ Հայաստանին զենք մատակարարելուց, որը «պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր ռազմական ագրեսիայի»։
«Հայաստանի նպատակն է պահպանել օկուպացիայի հետ կապված առկա ստատուս քվոն և հասնել գրավյալ տարածքների բռնակցմանը»,- ասում է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը ափսոսանք է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը արդյունքի չի հասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Այսինքն՝ Ղարաբաղն Ադրբեջանին չի տվել, քանի որ «հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի եղել և չի լինի: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական երկիրն է: Լեռնային Ղարաբաղն էլ Ադրբեջան է», - ասում է Ալիևն ու հավելում, թե իրենք «ինչքան կառուցողական են», իսկ Հայաստանը խաթարում է բանակցությունները:
Ալիևի ասում է նաև, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներառվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր 11 անդամները, ցանկանալով ներառել նաև Թուրքիային, ինչը հայկական կողմերը բացառում են։ Ալիևը չմոռացավ նաև ԱՍԱԼԱ-ին ու Գարեգին Նժդեհին։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա
- Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է
- Ադրբեջանական իշխանությունները պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից.Արցախի ԱԳՆ
- ՄԱԿ-ի «ծնունդին» Ալիևի շնորհավորանքը՝ «Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ ագրեսիայի»
- Ալիևն ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին. Դավիթ Տոնոյան
- Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև. Հարութ Սասունյան