Աշոտ Խաչատրյանի գործողություններն իրավաչափ չեմ համարել. Ա. Պետրոսյան
«Եթե քննարկումները բազմակողմանի և օբյեկտիվ են, պետք է նորմալ ընդունել դրանց երկար տևելը։ Եթե ՍԴ նախագահի ընտրությունը տևեր տասը րոպե, դրանից պետք էր ավելի շատ անհանգստանալ»,- ՍԴ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի ընտրության հարցին։
Նրա խոսքով, յուրաքանչյուր դատավոր ունի իր հարցերը, որոնք պետք է հնչեցնի։ Ըստ ՍԴ անդամի, ՍԴ-ն քաղաքական մարմին չէ, և բազմաբևեռության երևույթները պետք է բացառվեն։
Հարց. Դուք քննարկումներին մասնակցելո՞ւ եք։ Օրինակ, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը երեկ ասաց՝ տպավորություն ունի, որ արդեն որոշված է ամեն ինչ։ Դուք ի՞նչ տպավորություններ ունեք։
Ա. Պետրոսյան. Ես քննարկումներին, անշուշտ, մասնակցում եմ։ Հարցեր եմ պատրաստել, որոնք տալու եմ թեկնածուին։ Ելույթ եմ ունենալու, լսելու եմ ամփոփիչ ելույթը, ապա իմ որոշումն ընդունելու եմ։ Հարցադրումները կապված են լինելու «ՍԴ մասին» օրենքի լուծումների, ՍԴ բնականոն գործունեության տեսլականի, առաջիկա զարգացումների և ՍԴ արդյունավետ աշխատանքի մասին։
Հարց. Ձեզ համար խնդրահարույց չէ՞, որ ՍԴ նախագահի պաշտոնում միայն մեկ թեկնածու է առաջադրվել։
Ա. Պետրոսյան. Իրավիճակ է, որ ունենք։ Փաստը կա, և որևէ խնդիր չեմ տեսնում։ Կարող էր այս փուլում թեկնածու չլիներ, կարող էին մի քանիսը լինել։
Հարց. Իսկ հնարավո՞ր է, որ այսօր ևս մեկ թեկնածու ինքնաառաջադրվի. օրենքն այդպիսի կարգավորում ենթադրո՞ւմ է։
Ա. Պետրոսյան. Եթե առաջադրումները կատարվել են, ուստի արդեն շարունակվում է հաջորդ գործընթացը, չեմ կարծում, որ կլինեն առաջադրումներ։ Բայց, չկա որևէ խիստ բացառող հանգամանք, որով արգելվի առաջադրվել։ Բայց իմաստ չեմ տեսնում։
Հարց. Իսկ ինչո՞ւ առաջ եկավ այս վիճակը, եթե Հրայր Թովմասյանին փոխարինի Երվանդ Խունդկարյանը, ի՞նչ է փոխվելու։
Ա. Պետրոսյան. Եղան սահմանադրական փոփոխություններ, և այժմ պարոն Թովմասյանն իր խախտված իրավունքների հարցով զբաղվում է։ Ինչո՞ւ Երվանդ Խունդկարյան, քանի որ նա ընտրվեց որպես ՍԴ անդամ, և ինքնաառաջադրվեց՝ որպես ՍԴ նախագահի թեկնածու։ Ես այս պահին որևէ այլ դիտարկում կատարելու ցանկություն չունեմ։
Հարց. Այս ընտրությամբ հանգուցալուծվելո՞ւ է ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը։
Ա. Պետրոսյան. Չեմ կարող ասել։ Իմ պատկերացմամբ խնդիրների շրջանակը միայն ՍԴ նախագահի ու փոխնախագահի ընտրությամբ չէ պայմանավորված։ Ես երեկ քվեարկություններին չեմ մասնակցել, քանի որ սահմանադրաիրավական փոփոխությունների բովանդակության մասին հարցերը չեն քննարկվել, իսկ ես առաջարկել եմ քննարկել։ Եվ ամենակարևորը՝ ՍԴ նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանի գործողություններն իրավաչափ չեմ համարել և չեմ ընդունել։ Նա պարտավոր էր հունիսի 26-ից կատարել իր պարտականությունները, ինչը չի արվել և մեկ ամիս ուշացել է։ ՍԴ դիմողների իրավունքները այդ պատճառով արգելափակվել են։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ մոտ նման կարծիք չի ձևավորվել, որ Խունդկարյանը հատուկ եկել է՝ ՍԴ նախագահ դառնալու. Շաթիրյան
- ՍԴ նախագահի ընտրության փորձի երրորդ օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան