«Իրատես». Ինչու ընդամենը երկու տարի առաջ 80 տոկոս վստահության քվե ունեցող ուժի ոտքերը դողում են առաջիկա հանրահավաքից
«Իրատես» թերթը գրում է. «ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք են նախաձեռնել։ Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե վտանգ չեն տեսնում, քանի որ հանրությունը չի վստահում այդ ուժերին, ավելին, ըմբոստության առիթ էլ չկա։ Թե բողոքի ձայն բարձրացնելու որքան շատ պատճառ կա, հարցի մի կողմն է, քննարկման այլ նյութ է նաև, թե որ ուժին հանրությունն ինչքան է վստահում։
Իրականում իշխանության թվացյալ հանգստության մեջ տագնապ կա։ Ինչի՞ց է վախենում իշխանությունը։ Իսկ որ վախենում է, կասկածից վեր է. բավական է ընդդիմադիրներից մեկը բերանը բացի, սկսվում է նրա դեմ քրեական գործերի փնտրտուք։ Փորձում են ազդել ընդդիմախոսի վրա, ճնշել ու, եթե հաջողվի, նաև լռեցնել։ Դրանով «փակվում ու կարճվում» է նաև ենթադրյալ քրեական գործն այնքան ժամանակ, քանի դեռ նույն ընդդիմադիրը կրկին չի սպառնացել իշխանությանը սուր քննադատություններով։
Չի կարող որևէ հանրահավաք, այն էլ երեք քաղաքական ուժերի մասնակցությամբ, իշխանության անդորրը չխախտել։ Նրանցից լավ ոչ մեկը չգիտի, թե փողոցում պայքարը շարունակելու դեպքում ինչ կարող է լինել իշխանության հետ։ Սակայն դեռ պետք է սպասել ու հասկանալ, թե ինչպես կանցնի այդ հանրահավաքը, ինչ նպատակներ կդրվեն, ու ինչ մեթոդներ առաջ կքաշվեն։ Իսկ մինչ այդ հասկանանք, թե ինչու ընդամենը երկու տարի առաջ 80 տոկոս վստահության քվե ունեցող ուժի ոտքերը դողում են առաջիկա հանրահավաքից։ Օրինաչափությունը հուշում է, որ հանրային մեծ վստահություն ունեցող իշխանությունը պետք է շատ հանգիստ տանի քաղաքական այդ գործընթացները, ընդդիմությունը նաև նման գործողությունների, իշխանափոխության կոչեր հնչեցնելու, թեժ աշուն-գարուն կանխատելու համար է։
Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը վախենում են հենց իրենք իրենցից, իրենց գահավիժող վարկանիշից, հիասթափության մեծ չափաբաժնից, իրողություններ, որոնք շատ արագ կարող են վերաճել հզոր ալիքի, ու այլևս կարևոր չի լինի, թե ով իր հետևից կտանի մարդկանց, որքան հին ու նոր կլինեն ըմբոստությունը գլխավորողները ու ինչ անցյալ կունենան։ Այս իշխանությունը լավ գիտի նաև, թե նման հիասթափությունն ինչպես է ուղղորդվում և «օգտագործվում», և հենց հանրահավաքի հարթակում էլ «ծնվում է ապագա» վարչապետը։
Այնպես որ, հանրահավաքին ընդառաջ պիտի սպասել, որ առաջիկա օրերին այս երեք քաղաքական ուժերից գոնե մեկի անդամների նկատմամբ նոր քրեական գործեր կհարուցվեն կամ կթարմացվեն հները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում