Ինձ լավ եմ զգում, ջերմությունս 36.6 է, 18 տարի է՝ չեմ հիվանդացել. Հրայր Թովմասյան
«Առանց արտաքին ներգործության՝ ՍԴ-ի կողմից կատարված ամենավատ թեկնածուի ընտրությունը շատ ավելի լավ է, քան ի սկզբանե նման էլեմենտների առկայությունը, որը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ, թեկուզ այդ ճանապարհով ընտրվի անգամ լավագույնը, որին անգամ ես կցանկանայի ընտրել»,- ՍԴ շենքի դիմաց ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Նրա խոսքով, Երվանդ Խունդկարյանն իր նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի, քանի որ եթե անգամ իր համար նախընտրելի թեկնածու է, բայց դրսից ուղղորդված, ինքը չի մասնակցելու ընտրությանը։
Հարց. Եթե Ձեր նշած՝ ուղղորդված ձևով ընտրվեն ՍԴ նախագահն ու փոխնախագահը, ապա նման ՍԴ-ում դուք կկարողանա՞ք աշխատել։
Հ. Թովմասյան. Աշխատանքը դրա հետ կապ չունի։ ՍԴ նախագահի լիազորությունները բավականին սահմանափակ են՝ իմ հետագա աշխատանքի վրա ազդելու կամ չազդելու համար։
Հարց. Որտե՞ղ եք կապը տեսնում Խունդկարյանի՝ իշխանության կողմից ուղղորդված լինելու։
Հ. Թովմասյան. Ես միշտ ինչ-որ մի բան թողնում եմ, որ հետո բացեմ։ Կրկնում եմ, իմ տպավորությունն այդպիսին էր։ Հիմա իմ տպավորությունները ո՞նց բացատրեմ։ Մարդու խոսքից, պահվածքից, դրան նախորդող և այլ իրավիճակներից ելնելով եմ նման մտքի եկել։ Ես նիստի ժամանակ ասել եմ այդ մասին և դուրս եկել։
Հարց. Այսինքն՝ եթե չլիներ նման տպավորություն, դուք կո՞ղմ էիք լինելու Խունդկարյանի թեկնածությանը։
Հ. Թովմասյան. Ես ունեցել եմ իմ թեկնածուն, առաջադրել եմ իմ թեկնածուն։
Հարց. Իսկ եթե սցենար փոխվի, կմասնակցե՞ք ընտրությանը։
Հ. Թովմասյան. Եթե սցենար փոխվի, կմտածեմ՝ մասնակցել, թե ոչ։ Հիմա այստեղ եմ, քանի որ այսօր կարող է նաև տեղակալի ընտրության հարցը լինի։
Հարց. Իսկ ՍԴ փոխնախագահի թեկնածու ունե՞ք։
Հ. Թովմասյան. Չեմ կարող ասել։ Շատ կարևոր է, թե ով կլինի նախագահը։ Էական նշանակություն ունի՝ ով է նախագահը։
Հարց. Իսկ ինչպիսի՞ն է տրամադրվածությունը, կա՞ բևեռվածություն։
Հ. Թովմասյան. Չկա նման բան, մոռացեք։ Դուք սխալ տպավորություն ունեք։ Չպետք է նման բան լինի, կան մասնագիտական քննարկումներ, կան կարծիքների տարբերություններ, բայց դա կապ չունի նրա հետ՝ նո՞ր անդամ ես, թե՞՝ հին։
Հարց. Բայց նախկինում կարծես որոշումներն ավելի արագ էին ընդունվում։
Հ. Թովմասյան. Գուցե առաջ ՍԴ նախագահը արդյունավետ ապահովում էր բնականոն գործունեությունը։ Հիմա այդպես սև գույներով մի նկարագրեք։
Հարց. Իսկ դուք Ձեզ ո՞նց եք զգալու նոր դատարանի կազմում, ինչպե՞ս եք աշխատելու։
Հ. Թովմասյան. Մի տվեք հարցեր, որոնք երեկ արդեն հնչել են։ Մեկ գիշերում որևէ բա՞ն պիտի փոխվեր։ Ո՞նց եմ զգալու. ինձ լավ եմ զգում, ջերմությունս 36.6 է, 18 տարի է՝ չեմ հիվանդացել (ծիծաղում է. խմբ)։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Խաչատրյանի գործողություններն իրավաչափ չեմ համարել. Ա. Պետրոսյան
- Ինձ մոտ նման կարծիք չի ձևավորվել, որ Խունդկարյանը հատուկ եկել է՝ ՍԴ նախագահ դառնալու. Շաթիրյան
- ՍԴ նախագահի ընտրության փորձի երրորդ օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին