Տաթևի վանք էքսկուրսիայի գնացած ամբողջ ավտոբուսը վարակվել էր. Լուսինե Պարոնյան
«Օրինակ մենք վերջերս ունեցանք դեպք, երբ մարդիկ գնացել էին Տաթևի վանք էքսկուրսիայի և ամբողջ ավտոբուսը վարակվել էր: Այնուհետև այդ հիվանդը գնացել էր հոգեհանգստի արարողության և Սիսիանում հիմա խնդիր ունենք»,- այսօր ասուլիսում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
Վերջինս ներկայացրած օրինակի վրա փաստեց, որ քաղաքացիները միշտ պետք է զգոն լինեն նման իրավիճակներ չստեղծելու համար:
Պարոնյանի խոսքով, կենտրոնի տարածքային մարմինների աշխատակիցները նման դեպքերում վեր են հանում կոնտակտավորներին և առաջարկում են ինքնամեկուսանալ:
«Վերջին 2 շաբաթվա ընթացքում աճ չի արձանագրվել 6-ից 17 տարեկանների տարիքային խմբում»,- հայտնեց Լուսինե Պարոնյանը և շեշտեց, որ հակառակ միտում է նկատվել՝ սեպտեմբերի առաջին կեսի հետ համեմատած դեպքերը նվազել են:
Հայտարարելով, որ դեռ վաղ է եզրակացություններ անելը՝ բանախոսը շեշտեց, որ բոլոր դեպքերում նախարարությունը կորոնավիրուսի վարակի դեպքերի թվերի բարձրացումը դպրոցների բացման հետ չի կապում: Նրա խոսքով, դրանք կապած են վարակների սեզոնային աճի և հակահամաճարակային սահմանափակումների մեղմման հետ:
«Գիտեք, որ հարսանիքներ են անում, բազմամարդ հոգեհանգստի արարողություններ, որոնց դեպքում սանիտարահամաճարակային այդ երեք պարզ պայմանները չեն պահպանվում»,- հայտարարեց բաժնի պետը:
Լուսինե Պարոնյանը, պատասխանելով թեստավորման արժեքի վերաբերյալ լրագրողի հարցին, նկատեց, որ կիրառվող մեթոդով հետազոտությունը բավականին թանկ է և պետությունը մեծ բեռ է վերցրել իր վրա՝ այդ ճանապարհով փորձելով նվազեցնել ռիսկերը: Նա չկարողացավ հստակ ասել, թե ինչ է արժենալու ուսուցիչների մեկ թեստավորումը, քանի որ այն կախված է նրանից, թե դրանք տեղական արտադրության են, թե՝ արտասհմանյան:
Ասուլիսի վերջում Լուսինե Պարոնյանը, որպես մայր ու քաղաքացի, խնդրեց, որպեսզի բնակչությունը պահպանի հակահամաճարակային պարզագույն երեք կանոնները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակների ճիշտ կրելը և ձեռքերի հաճախակի ախտահանելը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա