Երբ որ բալկոնը կպոկվի, կընկնի, կզանգահարեք մեզ, կգանք կբարձրացնենք. ԱԻՆ ներկայացուցիչ
«Երբ որ բալկոնը կպոկվի, կընկնի, կզանգահարեք մեզ, կգանք կբարձրացնենք»,- ըստ Աղբյուր Սերոբ փողոցի բնակչի, նման պատասխան են տվել ԱԻՆ ներկայացուցիչները նրա ահազանգին, որ հարևանությամբ ընթացող բազմահարկ շենքի կառուցման պատճառով իր պատշգամբում ճաքեր են առաջացել:
Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքի հարևանությամբ այլ շենքի կառուցումը, քանի որ այն կզրկի նրանց արևի լույսից և կթուլացնի իրենց շենքերի սեյսմիկ ամրությունը: Բնակիչները հայտնեցին, որ մանկապարտեզի շենքն են քանդել ու տեղում նոր շենք են կառուցում, մինչ այդ էլ այդ տարածքում ակումբի և ֆուտբոլի դաշտի տարածքներն էին վերածվել շենքի:
Բնակիչները հայտնեցին, որ բազմիցս դիմել են տարբեր ատյանների, բայց հստակ պատասխանների փոխարեն սպասելու հորդորներ են ստացել:
Նրանց հավաստիացմամբ, տեղի բնակիչները որոշել էին դատարանով լուծել խնդիրը, բայց փաստաբան վարձելու համար 1 մլն դրամ են ուզել, որի իմաստն արդեն չեն տեսնում:
«Հարցը պետք է լուծի վարչապետը կամ Հայկ Մարությանը: Կա նաև երրորդ տարբերակը, որ դիմենք թուղթ ու գիր անողներին, որ շինկազմակերպությանը թուղթ ու գիր անի, բայց դա էլ փող արժի»,-հայտարարեց բնակիչներից մեկը:
Նրանք հայտնեցին, որ շինարարության հիմքում բազալտ է և այն փորելիս հարակից շենքերը արդեն երկու ամիս է ցնցվում են: Բնակիչներն ուզում են, որ այդ հատվածում կանաչապատ տարածք լինի երեխաների համար:
Հարակից շենքի բնակիչ Ռուզաննա Մարտիրոսյանը հայտնեց, որ վարչապետը ԱԺ-ում իրենց խնդրի վերաբերյալ հարցին պատասխանել է, որ տեղյակ չէ և ուսումնասիրելուց հետո կպատասխանի, այդ պատճառով էլ բնակիչներն այսօր հրավիրել են լրագրողներին, որպեսզի խնդիրը ներկայացնեն: Վերջինս կոչ արեց, որ ԱԱԾ-ն նույնպես ուսումնասիրի սեփականաշնորհման գործընթացը:
«Չեն գտնում, որ 1998 թվականից մեզ մանկապարտեզներ պետք չեն եղել, որ 1400 մանկապարտեզ է օտարվել»,- հայտարարեց Ռուզաննա Մարտիրոսյանը:
Բնակիչները նշեցին, որ բազմիցս դիմել են քաղաքապետարանին, վարչապետին և ՀՀ նախագահին, բայց պատասխան չեն ստացել, այդ պատճառով էլ բողոքի ակցիա են անում: