ԱՆ-ը՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերահսկման և, հետևաբար, համաճարակային իրավիճակի բարելավման նպատակով կարևորվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը: Այս նպատակով բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ներկայումս COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվել: Ստեղծվել է միասնական գնումների հարթակ, որը համակարգվում է միջազգային գործընկերների կողմից` COVAX FACILTY հիմնադրամի միջոցով։ Վերջինս վարում է անմիջական բանակցություններ պատվաստանյութերի արտադրողների հետ՝ նպաստելով գործընթացի արագացմանը, սահմանելով պատվաստանյութերի միասնական գներ, աջակցելով հիմնադրամում ընդգրկված երկրների համար երաշխավորված գնով և քանակով պատվաստանյութերի ձեռքբերմանը:
Առողջապահության նախարարությունը COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար անձի համար` յուրաքանչյուրին երկու դեղաչափ։ Պատվաստանյութի ձեռքբերման ֆինանսական ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում է 6 միլիոն 330 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ դեղաչափի միջինացված արժեքը` 10.55 ԱՄՆ դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։
Պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է 2021 թվականին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո` հնարավորինս շուտ։
Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացումը կնպաստի հիվանդացության նվազմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության թուլացմանը»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- COVID-19- ի դեմ պատվաստանյութերը պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին. Նիկոլ Փաշինյան
- Որո՞նք են COVID-19 պատվաստանյութերի առավելություններն ու թերությունները
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ COVAX-ի անունից գլխավորելու է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի գնումների և մատակարարման գործընթացը
- ԱՀԿ. Աշխարհում մոտ 180 կորոնավիրուսային պատվաստանյութեր են մշակվում
- Որքան գումար է անհրաժեշտ բոլոր երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութով ապահովելու համար
- Ինչո՞ւ է ԱՀԿ-ն կասեցրել COVID-19-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի փորձարկումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին