ՀԴՄ կտրոն չվերցնողներին տուգանելու նախագիծ չկա. Թունյան
ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա։ Այս մասին հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Նման առաջարկ-տեսակետ հնչեցվել է դեռ օգոստոսի վերջին Ազգային ժողովում, բյուջետային ծրագրերի քննարկման ընթացքում, երբ քննարկվում էր ՊԵԿ-ի բյուջեն։ Ընդ որում, առաջարկը հնչեցվել է հրապարակային, բոլոր խմբակցությունների պատգամավորների և լրագրողների ներկայությամբ։ Այնպես որ, պետք չէ դա ներկայացնել որպես մեծագույն բացահայտում։
Արձագանքելով այդ առաջարկին՝ թե՛ ես, թե՛ Արտակ Մանուկյանը, թե ՛ նիստին մասնակցող՝ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների մի շարք պատգամավորներ, ասել ենք, որ դեմ ենք այդ առաջարկին, քանի որ հարկ հավաքելը պետության գործառույթն է, ոչ թե քաղաքացու։ Նաև՝ դրա վարչարարությունն է խնդրահարույց։
Անկախ կոնկրետ գաղափարի կամ առաջարկի նկատմամբ վերաբերմունքից՝ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի տեսակետ հայտնել և նախաձեռնություն ներկայացնել ցանկացած հարցով։ Սակայն որոշումը կայացվում է նախ հանձնաժողովի, հետո՝ ԱԺ լիագումար նիստի ընթացքում քննարկմամբ ու քվեարկությամբ»,- գրել է Բ.Թունյանը։