Եթե նախկինում կար մեկ ազգ, երկու պետություն, այժմ կա մեկ ազգ, մեկ բանակ. Միջազգայնագետ
«Ադրբեջանի և Թուրքիայի քարոզչությունը, իրենց այդ աշխատանքը երբեք չի դադարում, մենք պատերազմի մեջ ենք, ինֆորմացիոն պատերազմի ընթացքում երբևէ դադար, որպես այդպիսին, չի լինում, հետևաբար մենք պետք է զգոն լինենք»,- ասուլիսում ասաց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ պ.գ.թ., դոցենտ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Թուրքիայի քարոզչություն որոշակի ակտիվացմանը, ըստ նրա, այն թելադրված է ռազմական թատերաբեմում կրած, դիվանագիտական ճակատում ունեցած էական պարտություններով։ Վ.Պետրոսյանը շեշտեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը հաշվի են առնում Հայաստանի բոլոր հաղթաթղթերը, ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը։
«Եթե նախկինում կար մեկ ազգ, երկու պետություն, այժմ կա մեկ ազգ, մեկ բանակ։ Գաղտնիք չէ, որ զինվարժություններից հետո թուրքական բանակի այն զորախումբը, որը Նախիջևանում էր մնացել, դուրս չի եկել։ Սրանք անհանգստացնող միտումներ են։ Նաև անհանգստացնող է Թուրքիայի դիրքերի որոշակի ամրապնդումը տարածաշրջանում։ Այնուհանդերձ գտնում եմ, որ թուրքական ակտիվությունը մեր ուղղությամբ բացառվում մի շարք գործոնների հետ կապված, նաև այն, որ մենք խնդիրներ չունենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ և այն քայլերը, որոնք ձեռնարվում են դիվանագիտական ճակատում, ռազմական համագործակցության բնագավառում, կարծում եմ, կբացառեն նման սցենարը»,- ասաց Վ.Պետրոսյանը։