Արցախում Ադրբեջանի կրակից սպանված խաղաղ բնակիչները տատ ու թոռ են. նախագահի խոսնակ
«Բացի սահմանային հատվածից, հակառակորդը թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավարյրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշի քաղաքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և սահմանային դրությանը։
Նրա խոսքով, հայկական կողմը քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ վիրավորներ ունի, հակառակորդի կրակի հետևանքով մահվան արդեն երկու հաստատված դեպք կա. զոհերը Մարտունի քաղաքի բնակիչներ են՝ տատ ու թոռ, վերջինս իննամյա աղջնակ է։
«Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ կրակ վարել շփման գծի ամբողջ երկայնքով։ Եվ քիչ առաջ հակառակորդի կողմից տարածված տեղեկատվությունը, որ իբր թե իրենք մի քանի բնակավայրեր են կարողացել գրավել, ապատեղեկատվություն է, այդպիսի բան չկա։ ՊԲ-ն լիովին վերահսկում է իրավիճակը։ Երկրում հայտարարված է ռազմական դրություն և զորահավաք։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որ իրավիճակը կարողանանք հաղթահարել»,- նշեց նա։
Վահրամ Պողոսյանը բոլորին կոչ արեց՝ համազգային մոբիլիզացիա իրականացնել, որպեսզի հնարավոր լինի ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ հաղթանակով դուրս գալ այս իրավիճակից։
Նա վստահեցրեց, որ ժողովրդի շրջանում որևէ խուճապ չկա, հանգիստ վիճակ է, բոլոր քաղաքացիները հիմնականում ապաստարաններում են։ Բանախոստ ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ադրբեջանական կողմը ամենայն լկտիությամբ կրակ է բացում նաև խաղաղ բնակչության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության
- Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջական բանակը գրավել է 6 բնակավայր. Արցախի ՊՆ
- Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ