Ադրբեջանական կողմը մոտ 200 զոհ ունի. Արծրուն Հովհաննիսյան
«Ճշտված տեղեկություններով՝ հակառակորդը մոտ 200 զոհ ունի։ Կորցրել է երեք տասնյակ տանկեր և զրահատեխնիկա, ինչպես նաև մոտ երկու տասնյակ ԱԹՍ-ներ և այլ սարքավորումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, ապա նա նշեց, որ արդեն հայտնի է 16 զոհի և 100 վիրավորի մասին։ Զոհերի անունները, Հովհաննիսյանի խոսքով, ավելի ուշ ՊՆ-ն կհրապարակի։ Իսկ 100 վիրավորներից 10 զինծառայողներ տեղափոխվել են Երևան, մնացածի վիճակներն ավելի թեթև են։
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտերը դեռ շարունակվում են. դրանք հիմնականում ընթանում են Արցախի Հանրապետության հյուսիսային և հարավային հատվածներում։
Այնուհետև՝ հարց ու պատասխան։
Հարց.- Հակառակորդը տարածում է նյութեր, թե իբր կործանել է հայկական զինտեխնիկա, լուսանկարներ է տեղադրում, թե իբր գտնվում է իր գրաված տարածքներում։ Ի՞նչ կասեք։
Ա. Հովհաննիսյան.- Եղել են բարձրագոչ հայտարարություններ, բայց կեղծ նկարներ չեն հրապարակվել, այսինքն՝ այն ֆոտոշոփը, որ ժամանակին անում էին Ֆիզուլիից, դա էլ չկա։ Մեկ տեսանյութ են հրապարակել, իբր Մարտակերտը լքող հայ բնակիչների մասին, այն էլ պարզվեց, որ 2015-16 թվականի լրիվ այլ միջադեպից կադրեր են։ Որևէ բան այս մասով չի եղել։ Եվ որևէ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադրեր չեն եղել, մի քանի կադր են հրապարակել, այն էլ Սիրիայի պատերազմից վերցված։ Իսկ դրան հակառակ, մենք հրապարակել ենք կադրեր, որտեղ երևում է՝ ինչպիսի տեխնիկա և մեքենաներ ենք ոչնչացրել։
Հարց. -Իսկ սիրիացի գորհայինների հետ կապված այս պահին ի՞նչ ինֆորմացիա ունենք։
Ա. Հովհաննիսյան.- Տվյալները ճշտվում են, բայց մենք այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների՝ և՛ գրոհայինների մասով, և՛ Թուրքիայի միջամտության մասով, և՛ Ադրբեջանի կողմից թուրքական արտադրության զինատեսակների կիրառության մասով։ Դրանք կասկած չհարուցող փաստեր են, բայց բաներ կան, որ ճշգրտումների կարիք ունեն, օրինակ, այդ զինյալների մասը հստակ պնդել չեմ կարող։ Ժամանակի ընթացքում ավելի շատ փաստեր կհավաքենք։ Այդ ժամանակ ավելի վստահ, ապացույցներով կխոսենք։
Հարց. -Կամավորների խմբեր են հավաքագրվում ու մեկնում Արցախ. կա՞ն կառույցներ, որոնք կազմակերպում են նրանց ընդունելու հարցը։
Ա. Հովհաննիսյան.- Շատ շնորհակալ ենք բոլոր կամավորներին, բայց պետք է փաստենք, որ բոլոր այդ աշխատանքները կազմակերպում են ՀՀ զինված ուժերը։ Ամեն ինչ պետք է արվի ՀՀ զինուժի վերահսկողության ներքո։
Հարց. -Ի՞նչ կասեք ազգային փոքրամասնություններին՝ որպես հրանոթի «միս» օգտագործելու ադրբեջանական մոտեցման մասին։
Ա. Հովհաննիսյան. -Դա նորություն չէ. մենք լավ գիտենք, որ թալիշներին, լեզգիներին... Ադրբեջանը մշտապես օգտագործել է՝ թշնամություն սերմանելով հայ ժողովրդի նկատմամբ։ Նրանք մշտապես առաջնագիծ են ուղարկում այս մարդկանց՝ հաշվի չառնելով նրանց կյանքի իրավունքը։ Մենք միշտ այս հարցը բարձրացրել ենք, ապացուցել ենք Ադրբեջանի վարած քաղաքականությունն այս հարցում։
Հարց. - Ադրբեջանական հաքքերները հարձակվել են հայկական կայքերի վրա, ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։
Ա. Հովհաննիսյան.- Շատ արագ վերականգնում ենք հայկական կայքերը և այդ պրոցեսն ընթացքի մեջ է։ Շատ դեպքերում գերբեռնված աշխատանքի պրոցեսներն էլ են դիտարկվում՝ որպես հաքքերային հարձակում, բայց այո, այսօր հարձակումներ եղել են։ Պատերազմը ընթանում է չորս հարթություններում, և մենք պետք է այդ հարթություններում ինտենսիվ աշխատենք։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով
- Սա մեր վերջին կռիվն է. մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք և հաղթելու ենք. Սասուն Միքայելյան
- Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջական բանակը գրավել է 6 բնակավայր. Արցախի ՊՆ
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին