Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի. ՀՀ վարչապետ
«ՀՀ-ի առջև հետևողական և շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակի ճշգրտման»-իրավունքի ուժով անհապաղ գումարված ԱԺ նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ Ադրբեջանը նաև հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել ԼՂ որևէ այլ կարգավիճակ, որը կամ նույնը կլինի, կամ մի քիչ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից:
«Արդյոք կարո՞ղ էինք խուսափել և ի՞նչ պիտի անեինք խուսափելու այս պատերազմից, պիտի համաձայնեի՞նք, որ Արցախն ինքնավար մարզ է: Եթե մենք սրան համաձայն ենք, անմիջապես կարող ենք ամեն ինչ կանգնեցնել»,- հարցն խորհրդարանին ուղղեց վարչապետը և ստացավ բացասական պատասխան:
Լսելով պատասխանը՝ վարչապետը նշեց, որ չէր կասկածում, որ այդպիսին է լինելու հավաքական դիրքորոշումը:
Նրա խոսքով, եթե նույնիսկ Հայաստանը համաձայնվեր այդպիսի կարգավիճակին՝ համարելով, որ անվտանգություն է ապահովել իր ժողովրդի համար, արդյո՞ք դրանով ապահովված կլինեիներ խաղաղությունն ու կայունությունը: Փաշինյանը նկատեց, որ այդ հարցի պատասխանը տարածաշրջանում ընթացող զարգացումների մեջ են:
«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա։ Եվ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք և ծափահարում ենք այդ խոսքերի վրա, ասում ենք մի բան՝ ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին՝ մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ ու ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն հայրենիքի և մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մենք պիտի հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք»,- ԱԺ նիտում հայտարարեց ՀՀ վարչապետը:։
Նա շեշտեց, որ հայ ժողովուրդը, Հայաստանը և Արցախը պետք է գոյություն ունենան հավիտյան՝ ինքնորոշված, անկախ, իքնուրույն, հզոր, ինչպես այսօր է։
«Եվ ուրեմն այսօրվա մեր նիստը միասնության, վճռականության և հզորության մասին է: Եվ ուրեմն պատրաստեք ձեզ հաղթանակի, պատրաստեք ձեզ նվիրումի, պատրաստեք ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է, և մենք միասնական ենք, քան երբևէ»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան