Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը. Նիկոլ Փաշինյան
«Սա ըստ էության Արբեջանի փորձն է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով և Արցախի տարածքը օկուպացնել, սա ագրեսիայի գործողություն է»,- իրավունքի ուժով հրավիրված ԱԺ նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը պատգամավորներին տեղեկացրեց, որ առավոտյան 7:15-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել ՀՀ պաշտպանության բանակի բոլոր դիրքերի ուղղությամբ: Նրա խոսքով, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք և այդ պատճառով ՀՀ կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:
«Այս պահի դրությամբ իրականացվում է առաջին շարակարգի մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք այդպիսի որոշում ընդունել, որպեսզի իրավիճակի զարգացմանը օպերատիվ արձագանքելու հնարավորություն ունենանք»,- հայտնեց Նիկոլ Փաշինանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ Արցախի Պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով, հատկապես հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում մարտեր է մղում և իրադրությունը լարված է:
Վարչապետը ցավով նշեց, որ կան զոհեր և քանի որ թիրախավորվել էին քաղաքացիական ենթակառուցվածները, ապա զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Նրա խոսքով, հարված է հասցվել, նաև այլ բնակավայրերին:
«Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ կանգնեցնելու Ադրբեջանի հարձակումը և ագրեսիան»,- հայտնեց վարչապետը:
Նա նկատեց, որ այս պահին ֆիքսված որևէ իրավիճակ չկա, իրավիճակը գտնվում է զարգացման մեջ:
«Մեր զինվորականներն ասում են, որ իրավիճակի գնահատականը հետևյալն է, որ լարված է իրավիճակը, բայց առայժմ ամբողջական գնահատական տալու համար վաղ է»,- հայտնեց վարչապետը:
Նրա խոսքով, տեղի ունենցածի մեջ ռազմավարական իմաստով անսպասելի որևէ բան չկա: