ՀՀ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ․ Աննա Նաղդալյան
Այսօր առավոտյան ժամը 07-ի սահմաններում Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով՝ թիրախավորելով քաղաքացիական անձանց ու բնակավայրերը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արդեն կան տեղեկություններ քաղաքացիական անձանց շրջանում կորուստների և զոհերի մասին։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ ճեպազրույցի ժամանակ։
ԱԳ նախարարությունն առավոտյան հայտարարություն է տարածել՝ խիստ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան՝ Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հայաստանը և Արցախը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտարարեց Աննա Նաղդալյանը։
Աննա Նաղդալյանը նշեց, որ առավոտից ՀՀ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հեռախոսազրույցներ է ունեցել պաշտոնակից ԱԳ նախարարների հետ, մասնավորապես, ՌԴ, Վրաստանի, Լիտվայի ԱԳ նախարարների հետ։
«Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունն աշխատում է արտակարգ իրավիճակում, գործընկերները երկկողմ ու բազմակողմ ֆորմատներով տեղեկացված են՝ ինչ է կատարվում տեղում, Ադրբեջանի ագրեսիայի մասին և այդ ագրեսիային հայկական կողմի գնահատականների մասին»,-ասաց Աննա Նաղդալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան