Սա մեր վերջին կռիվն է. մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք և հաղթելու ենք. Սասուն Միքայելյան
«Այս պատերազմն այդ հանրաքվեն է, մեր հաղթանակը հենց այդ հանրաքվեն է, հանրաքվե պետք չի անցկացնել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Արցախի անկախությունը ճանաչելու համար հանրաքվե անցկացնելու վերաբերյալ պատգամավորների դիտարկումներին։
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից ռմբակոծություն է եղել խաղաղ բնակչության վրա, և սա այն ձեռագիրն է, որ ադրբեջանցիներն ունեին նաև1990-ական թվականներին: Ըստ պատգամավորի, սակայն, նախորդ պատերազմը եղել է անհավասար՝ թե՛ մարդկային թվաքանակի, թե՛ զինտեխնիկայի առումով:
«Ուզում եմ դիմել Ադրբեջանի ազգաբնակչությանը, ղեկավարությանը․ երբեք չսպասեք, որ հանկարծ Հայաստանի Հանրապետությունը կպարտվի, սա մեր վերջին կռիվն է, որը փառքով ենք տալու, մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք և հաղթելու ենք: Ուզում եմ բոլորս գիտակցենք, որ սա լուրջ պատերազմ է, որ մենք պետք է համախմբված կարողանանք դիմակայել և հաղթել»,- շեշտեց նա։
Իր ելույթում պատգամավորը բնակչությանը, կուսակցություններին, մարտական ընկերներին, տարբեր հայացքների տեր մարդկանց համախմբվելու կոչ արեց: Սասուն Միքայելյանը նշեց՝ Ադրբեջանը լավ գիտի, որ հայը համախմբված ժամանակ երբեք չի պարտվի։
«Մի տեսակ բնական է, որ հարձակվող կողմը միշտ ուժեղ է եղել, և այսօր եթե ինչ-որ տեղ դիրքային զիջումներ ենք ունեցել, երբեք թող ոչ մեկի չընկճի, ես գնահատում եմ, որ մենք ամուր ենք կանգնած: Եթե իրենք չիմանային, որ ուժեղ են, չէին հարձակվի: Մենք Մարտակերտն էլ ենք տվել, մեկ տարի հետո հետ ենք վերցրել։
Այս պատերազմով մենք վերջնական կհաղթենք, և բոլորի հարցերի լուծումը կտա այս պատերազմը: Մենք ոչ մի թիզ հող չունենք տալու, Ադրբեջանի ձեռքով Թուրքիան իր խնդիրն է լուծում, եթե մենք չկանգնենք այս պատերազմի դեմ, մենք գնալու ենք նորից ցեղասպանվելու»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մենք հաղթելու ենք, որովհետև այլ տարբերակ չկա. Միրզոյան
- Արցախի անկախության ճանաչման հարցը պետք է քննարկվի.Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան