Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ.
«Սեպտեմբերի 28-ի դրությամբ շարունակում են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան:
Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով իրադրության սրման վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հայտարարությունները, միանշանակորեն ի ցույց են դնում, որ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարումը:
Բախվելով միջազգային հանրության այս դիրքորոշման միասնականությանը՝ ադրբեջանական կողմը դիմել է բացահայտ կեղծիքների տարածմանը՝ մեղադրելով հայկական կողմին մարտական գործողությունների սանձազերծման մեջ:
Մինչդեռ գոյություն ունեն անհերքելի փաստական հիմքեր առ այն, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել ագրեսիան:
Տարիներ շարունակ Ադրբեջանը հետևողականորեն խախտել է 1994-1995թթ. անժամկետ եռակողմ համաձայնագրերով հաստատված հրադադարի ռեժիմը, մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման և հրադադարի մոնիտորինգի ամրապնդման առաջարկները՝ ուժի կիրառման հնարավորությունների պահպանման և «մեղադրանքների խաղ» տանելու համար։ Դրա վերջին վառ արտահայտումն է, որ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը մերժել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շփման գծի մոնիտորինգ անցկացնելու խնդրանքը, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակն է եղել թաքցնել պատերազմ սկսելու իր ծրագրերը:
Ադրբեջանի ներկա ագրեսիան Արցախի դեմ բնութագրվում է երկու կարևոր առանձնահատկությամբ․
Ադրբեջանի նախագահ Ալիևի մակարդակով հրապարակավ hրաժարվել է խաղաղ գործընթացից և խնդիր է դրել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել լայնածավալ պատերազմով,
Երկրորդ, այս նպատակի հետապնդման համար Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։
Հատկանշական է, որ Թուրքիան սատարել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության շրջանակներում դեռևս անցյալ դարի 90-ական թվականներից, երբ ցամաքային շրջափակման ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը։ Այնուհանդերձ, այս ագրեսիայի և դրան նախապատրաստվելու ընթացքում Թուրքիայի աջակցությունը կրել է որակական փոփոխություններ և բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում Թուրքիայի ուղղակի ներկայությամբ:
Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանին:
Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին և մինչ օրս արդարացնում է այդ ոճիրը, ներկայումս հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին՝ այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար:
Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու այդ դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը:
Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսելու ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք ընդդիմադիր. «Շշուկներ կան այն մասին, որ Թուրքիան ջիհադիստների խմբեր է ուղարկել Ադրբեջան»
- Տողանյան. Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխել Ղարաբաղ
- Հունաստանն արեց այն, ինչը դատապարտում է․ հունական սոցցանցը պայթել է Ղարաբաղի վերաբերյալ երկրի ԱԳՆ հայտարարությունից
- ՊՆ-ն՝ ադրբեջանցի գեներալ Բարխուդարովի գերի ընկնելու մասին
- Սեյրան Օհանյան. Ադրբեջանը կոչնչանա, Թուրքիան կմասնատվի
- Ամենից անհանգստացնող հանգամանքը Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է․ ԱԳ նախարարը՝ Ֆրանս 24-ին
- Ադրբեջանի տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ. Տիգրան Աբրահամյան
- Ջո Բայդեն․ ԱՄՆ-ը պետք է հասնի Լեռնային Ղարաբաղի շփման գծում ավելի շատ դիտորդների տեղակայման
- Հունաստանի ԱԳՆ․ Զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
- Գերմանիայի ԱԳՆ-ն դեէսկալացիայի ու բանակցությունների կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
- Ֆրանսիայի ԱԳՆ․ Դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը
- Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի նկատմամբ. ԱԳՆ
- Սահմանին լարվածության պատճառով՝ Հայաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները անվտանգության տագնապ են հայտարարել
- Մեզ միավորում է կողք կողքի ապրելու պատմությունը.ՀՀ ԱԳՆ նախարարը՝ Հորդանանի գործընկերոջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան