Մենք միջազգային հանրությունից պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել. Արարատ Միրզոյան
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։ Օրակարգում մեկ հարց է՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը։
Օրակարգին անցնելուց առաջ ԱԺ նախագահն առաջարկեց նախ մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար ընկած զինվորների հիշատակը։
Ապա, Արարատ Միրզոյանն ներկայացրեց խորհրդարանի հայտարարությունը, որը հեղինակել են ԱԺ երեք խմբակցությունները։ Եվ թեև այն ստորագրել են ԱԺ նախագահը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, այնուամենայնիվ, Արարատ Միրզոյանը վստահեցրեց, կարելի է համարել, որ այդ հայտարարության տակ ստորագրել են ԱԺ բոլոր պատգամավորները։
«ՀՀ խորհրդարանը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը, որով ոտնահարվել է միջազգային վեճերը խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները՝ այդ թվում խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան Տավուշում, մշտական հայատյաց հռետորաբանությունը, որ նպատակ ունեն հայաթափել Արցախը, փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը։ Հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողությունները ուղղված են այս վտանգի չեզոքացմանը։
Քաղաքացիական բնակչության, ծերերի, երեխաների և կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլ նաև բոլոր քաղաքակրթություններում։ Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլև նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու արցախյան հակամարտությանը, ինչը կհանգեցնի տարածաշրջանի ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային անվտանգությանը։
Թուրքիայի աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը պետք է արժանանա միջազգային հանրության քաղաքական գնահատականին։ Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել՝ ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան սահմանագծել մարդասիրության և մարդատյացության միջև»,- ներկայացրեց Արարատ Միրզոյանը։
Նա շեշտեց, որ Հայաստանը, լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պատշպանելու Արցախի բնակչության անվտանգությունը և ինքնորոշման կամարտահայտումը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն՝ ադրբեջանցի գեներալ Բարխուդարովի գերի ընկնելու մասին
- ՊՆ. «ՏՕՍ» հրանետի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի
- Ադրբեջանի կիրառած «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգերի կիրառումը եղել է անարդյունավետ. ՊԲ
- Արցախի նախագահ. Գիշերվա ընթացքում ՊԲ-ն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան