Արցախի ԱԺ նախագահ. Հայաստանի ԱԺ-ում պետք է քննարկվի Արցախի Հանրապետության ճանաչման հարցը
«Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմն Արցախի դեմ պետք է ահազանգ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
Նա հիշեցրեց՝ Ադրբեջանը հայտարարել է, որ խնդիրը բանակցությունների միջոցով չի լուծվելու.
«Սիրելի ժողովրուրդ, բայց ե՞րբ է Ադրբեջանը խոսել Արցախի իշխանությունների ու ժողովրդի հետ։ Մեզ հետ խոսել են հրանոթի լեզվով ու այդ լեզվով էլ պատասխան են ստանում։ Ես կարծում եմ, որ սա ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու։
Ադրբեջանի ժողովուրդը թող ժողովրդավարական ճանապարհով իշխանություն ընտրի, և մենք պատրաստ ենք բանակցելու»,-ասաց Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարը՝ ավելացնելով, որ հարցերի առակա շրջանակը վերաբերում է ոչ թե Բաքվին ու Երևանին, այլ Բաքվին ու Ստեփանակերտին»։
ԱԺ նախագահն ասաց՝ ունենք երեք ադրբեջանա-արցախյան պատերազմ, և կոչ արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին որպես պատերազմող կողմ Արցախին ներգրավվել բանակցություններում։
«Ամեն մի պատերազմ հակամարտություն է, բայց ամեն մի հակամարտություն պատերազմ չէ։ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված քաղաքակիրթ հանրությանը, և մենք սպասում ենք, որ քաղաքակիրթ աշխարհի, որևէ պետության կողմից Արցախի անկախության ճանաչմանը»,-ընդգծեց Թովմասյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ԱԺ-ում պետք է քննարկվի Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։
«Մենք տեսանք, որ երեկ ԱԺ-ում նման առաջարկ արեցին տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ։ Ի պատասխան վարչապետը հայտարարեց, որ այդ հարցը կքննարկվի, այն օրակարգում է»,-նշեց Ա. Թովմասյանը՝ ավելացնելով, որ դա զսպաշապիկ կլինի Ադրբեջանի համար, և այդ հարցին պետք է կողմ քվեարկեն խորհրդարանի բոլոր խմբակցությունների բոլոր ներկայացուցիչները։