Այս փուլում զինադադարի հնարավորություններ չենք տեսնում. Արցախի նախագահ
«Նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ։ Եվ Թուրքիայի լկտիությունը ամեն օր տեսնում ենք, մենք մարտնչում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ»,- այսօր լրագրողների հետ հանդպիմանն ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, խնդիրը միայն Արցախը չէ, և դա պետք է բոլորը իմանան։ Արցախի նախագահը նշեց, որ տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել, մենք ևս շատ կարևոր դիրք չենք գրավել և առաջխաղացում չենք ունեցել։
Արայիկ Հարությունյանը պատասխանեց նաև լրագրողների հարցրերին։
Հարց. Հակասական լուրեր են տարածվում, որ մեր տղաները ազատագրել են «Լելե Թեփե» բարձունքը։ Ի՞նչ կարող եք այս մասին ասել։
Ա. Հարությունյան. Այս հարցին չեմ ուզում պատասխանել, քանի որ այսօր արդեն որևէ բարձունք նշանակություն չունի, քանի որ համատարած, լայնածավալ պատերազմ է գնում։ Մենք կարող է վաղը ունենանք նահանջ, կամ՝ առաջխաղացում, բայց դա վերջնական չէ։ Մենք պետք է շատ ավելի ծանր ու երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք։ Ի՞նչ անենք, հակառակորդն իր ամբողջ զինվորական ուժերը օգտագործել է և շարունակում է օգտագործել։
Հարց. Արցախի ԱԺ նախագահ այսօր նաև խոսեց Արցախի անկախության ճանաչման մասին, դուք ի՞նչ կասեք այդ առնչությամբ։
Ա. Հարությունյան. Քննարկումները շարունակվում են, և նորից նշում եմ՝ մեզ համար այսօր ամենակարևորը անվտանգությունն է։ Օրեր առաջ էլ էինք սա հայտարարում, քանի որ արդեն կանխատեսում էինք այս պատերազմը։ Պատերազմը հաղթելուց հետո արդեն քաղաքական առումով ճիշտ որոշումներ կկայացնենք։
Հարց. Կոնկրետ գիշերվա մարտերն ինչպե՞ս եք գնահատում։
Ա. Հարությունյան. Լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնելն ու դիրք տալը ժամանակավոր բնույթ է կրում։ Այո, երեկ գիշեր մեզ հաջողվել է վերականգնել բավականին դիրքեր, որոնք կորցրել էինք ցերեկային մարտերի ժամանակ։ Հակառակորդն այսօր միայն հարավային թևում օգտագործել է ոչ պակաս, քան 100 տեխնիկա։ Մի պահ չէինք կարողանում հաշվել, թե ինչքան տեխնիկա էինք խփել։ Բայց նշում եմ՝ գնում են լայնածավալ մարտական գործողություններ։ Կոնկրետ լոկալ հաջողություններով մենք մեծ հաջողություն չենք ապահովելու։ Մեզ պետք է կարողանալ հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչպես ունեցել ենք 1992-94 թվականներին։ Այս փուլում այլ տարբերակ չկա. մենք քաղաքական կոմպրոմիսի, զինադադարի հնարավորություններ չենք տեսնում։
Հարց. Ի՞նչ ձևաչափով են նախկին բարձրաստիճան զինվորականները մասնակցում քննարկումներին։
Ա. Հարությունյան. Պաշտպանության բնագավառում վաստակ ունեցող զինվորականները, որոնք ցանկություն են հայտնել աջակցելու, մասնակցել են քննարկումներին։ Վաղը հարց է առաջանալու, թե ինչո՞ւ որոշ մարդիկ չկան քննարկումներում, քանի որ նրանք ցանկություն չեն հայտնել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան