ԵԽԽՎ-ն պատրաստ է նպաստել Մինսկի խմբի ձևաչափով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը․ հայտարարություն
«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկմամբ և դրանց սրմամբ, ինչը ռիսկի տակ է դնում տարածաշրջանային կայունությունը: Մենք խորապես ցավում ենք, որ երկու կողմերից հաղորդվել է քաղաքացիական և զինվորական կյանքերի կորուստների մասին», - համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԵԽԽՎ մոնիտորինգի հարցերով Հայաստանի համազեկուցողներ Բորիանա Աբերգն ու Կիմմո Կիլյունենը, և Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախն ու Սըր Ռոջեր Գեյլը։
Համազեկուցողները երկու կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել զինված ռազմական գործողությունները, դեէսկալացնել իրավիճակն ու վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների սեղան:
«Բացի այդ, մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի մյուս անդամ պետություններին զերծ մնալ գործողություններից կամ ելույթներից, որոնք կարող են նպաստել այս անկայուն տարածաշրջանում լարվածությանն ու անկայունությանը: Մենք կրկնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի», - ասում են համազեկուցողները, հավանաբար, նկատի ունենալով Թուրքիային, հիշեցնելով նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստանձնած հստակ պարտավորությունը, որ նրանք պետք է լուծեն իրենց միջև առկա հակամարտությունները միայն խաղաղ ճանապարհով։
«Վեհաժողովը պատրաստ է խորհրդարանական մակարդակով նպաստել Մինսկի խմբի ձևաչափով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը», - եզրափակել են ԵԽԽՎ համազեկուցողները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխա, և հարյուրավոր վիրավորներ։