Հայկ Մարտիրոսյան․Ամերիկյան պետդեպն հստակորեն հակաթուրքական հայտարարություն է արել
«Ամերիկյան պետդեպը քողարկված ձևակերպմամբ, բայց ըստ էության` հստակորեն հակաթուրքական հայտարարություն է արել: Սա աննախադեպ երևույթ է Հայաստանի պարագայում և խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգները փորձ է կատարում առավել ակտիվանալ տարածաշրջանում և սկսում է ցույց տալ Հայաստանի համար նպաստավոր տրամադրվածություն»,-այս մասին գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետդեպի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ։
Հայկ Մարտիրոսյանը նշում է, որ ամեն դեպքում թերևս կարելի է և ենթադրել, որ Թուրքիայի զսպման առավել լուրջ ազդակներ և կուլիսային աշխատանքներ Պետական դեպարտամենտն արդեն տանում է:
«Ամեն դեպքում վաշինգտոնյան իմ աղբյուրներն այդպիսի որոշակի տվյալների առկայության մասին են ակնարկում»,-գրել է Հայկ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին պետդեպի հայտարարության մեջ ասվում էր, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ հաղորդագրությունների առնչությամբ, որոնք հանգեցրել են զգալի զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում՝կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, խուսափել հետագա սրացումներից, անօգուտ հռետորաբանությունից և այն գործողություններից, որոնք նպաստում են լարվածության մեծացմանը:
«Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին ուժերի մասնակցությունը բռնության աճին չափազանց անօգուտ է և միայն կարող է խորացնել տարածաշրջանային լարվածությունը։ Մենք կողմերին հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնալու ուղղությամբ։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելուն»,-ասվում էր հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան