Պատրաստ ենք այսօր եզդիական ջոկատով մեկնել Արցախ՝ պաշտպանելու մեր սուրբ հողը. Բաքոյան
«Մենք՝ եզդիներս ու հայերս, երկու ազգ ենք, բայց մի ժողովուրդ։ Եզիդական համայնքը մշտապես կանգնած է եղել և հիմա էլ կանգնած է հայ ժողովրդի կողքին»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Նրա խոսքով, այսօր էլ ունենք երկու եզդի վիրավոր զինվորներ. մեկը ծանր վիրավոր է, մյուսը՝ միջին ծանրության։
«Երեկ երեկոյան Ակնա լճի սրբատեղիում մենք եզդիներով եզդիական ջոկատ ենք ձևավորել և պատրաստ ենք այսօր եզդիական ջոկատով մեկնել Արցախ՝ պաշտպանելու մեր ընդհանուր սահմանը։ Ինչպես և արեցին Ապրիլյան քառօրյայի ժամանակ։ Եվ այդ հողը Քյարամի, Թեմուրի, Սիդարի, Համլետի, Բորիսի արյունով է սրբագործվել։ Մենք՝ եզդիներս, թույլ չենք տա, որ երբևէ էստեղ թշնամիներ հայտնվեն։ Մենք այս հողի համար պայքարել ենք արյան գնով, և հիմա էլ պատրաստ ենք պայքարելու։ Հիմա էլ մեր եզդի զինվորները կանգնած են իրենց հայ զինվոր եղբայրների հետ։ Նրանք պայքարում են մեր ընդհանուր թշնամու դեմ»,- ասաց պատգամավորը։
Ռուստամ Բաքոյանը արձանագրեց նաև, որ բազմաթիվ եզդիներ չեն սպասել ջոկատի կազմավորմանը, և արդեն Արցախում են.
«Մեր դեմքն ուղղված է միայն դեպի Արցախ, մենք երկրորդ այլ ճանապարհ չունենք։ Եվ հիմա էլ ևս մեկ անգամ ապացուցում ենք մեր իսկապես եղբայրությունն ու անդավաճան բարեկամությունը։ Մենք մեր Արցախում պետք է ընդլայնենք մեր անվտանգության գոտին։ Ի տարբերություն Ադրբեջանի, որ իր ազգային փոքրամասնություններին ուղղում է առաջնագիծ, մենք Հայաստանում ինքնակամ ցանկանում ենք պաշտպանել մեր ընդհանուր սուրբ հողը։ Ամեն մի սմ-ն մեզ համար թանկ է։ Իմ սիրելի զինվորներ ու սպաներ, ես ձեր ցավը տանեմ, մենք ձեր հետ ենք, հաղթելու ենք ու հիմա էլ հաղթում ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ. Ստեղծվել են լավ հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար
- Ադրբեջանի կիրառած «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգերի կիրառումը եղել է անարդյունավետ. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան