Սպիտակ տուն․ Այս վեճը ռազմական լուծում չունի, բռնությունը պետք է դադարեցվի հիմա․ միջազգային վերջին արձագանքները
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի միջազգային վերջին արձագանքները
ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայան․ «ԱՄՆ-ը անհապաղ զինադադարի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների կոչ է անում։ Այս վեճը ռազմական լուծում չունի: Այս բռնությունը պետք է դադարեցվի հիմա, նախքան ավելի շատ կյանքեր անհարկի կկորչեն»:
Թրամփը Ղարաբաղում իրավիճակի մասին․ Տեսնենք՝ կկարողանանք կանգնեցնել այն
«Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին։ Նոր է տեղի ունեցել, ես տեղյակ եմ դրա մասին։ Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածքում։ Կտեսնենք ՝ կկարողանանք կասեցնել դա»,-ասել է Թրամփը։
Ջո Բայդեն․ ԱՄՆ-ը պետք է հասնի Լեռնային Ղարաբաղի շփման գծում ավելի շատ դիտորդների տեղակայման․ ԱՄՆ դեմոկրատ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունները կարող են վերաճել տարածաշրջանում ավելի լայն հակամարտության։ Բայդենը կոչ է արել «տարածաշրջանի երրորդ կողմերին չխառնվել հակամարտությանը»:
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդես․Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ևս մեկ ագրեսիվ գործողություն, որին աջակցում է Թուրքիան: Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության աջակցությունը Ադրբեջանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ներգրավվի՝ հրադադար հաստատելու ուղղությամբ:
Ամերիկյան պետությունների կազմակերպություն․ Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին․ «Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան։ Նույնքան կարևոր․ մենք կոչ ենք անում արտաքին ուժերին զերծ մնալ զինված հակամարտությանը միջամտելուց»։
Արգենտինայի իշխանությունները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման կապակցությամբ և կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ միջազգային իրավունքի շրջանակներում հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Հարավային Ամերիկայի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Արգենտինայի կառավարությունը նաև ցավակցություն է հայտնել հակամարտության ընթացքում զոհվածների ընտանիքներին:
Հունաստանը դատապարտում է մարդկային կորուստները և հայտարարում, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը թուլացնելու ջանքերին: Այս մասին Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց իր Twitter-ում՝ արտգործնախարար Նիկոս Դենդիասի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցից հետո:
Մեքսիկայի իշխանությունները մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղում բռնության սրման կապակցությամբ և հակամարտության կողմերին կոչ են անում վերսկսել բանակցությունները՝ խաղաղ կարգավորման շուրջ: Համապատասխան հայտարարությունը Twitter-ում տարածել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին դատապարտում է ռազմական գործողությունները և հորդորում Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա ռազմական գործողությունները և մարդկային կորուստները, կոչ անելով բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։
«Քաղաքական լուծումն այլընտրանք չունի»,-ասում է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:
Forbes. Տանկերն այրվում են, երբ ադրբեջանական ուժերը հարձակվում են վիճելի Լեռնային Ղարաբաղի հայկական զորքերի վրա
Forbes պարբերականը գրում է, որ կիրակի առավոտյան ադրբեջանական հրետանին, հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և մարտական ինքնաթիռները սկսեցին մի շարք հարձակումներ վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական դիրքերի վրա, հուլիսյան բախումներից ընդամենը երկու ամիս անց: Ակնհայտորեն հրթիռակոծություններին և ավիահարվածներին հաջորդեցին ցամաքային գրոհները:
Հաղորդվում է, որ մարտերի նոր փուլը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան և բազմաթիվ զրահամեքենաների և մարտական ինքնաթիռների ոչնչացման:
«Հակամարտությունը սպառնում է նաև ներգրավել տարածաշրջանային տերություններին՝ Ռուսաստանին և Թուրքիային՝ ի աջակցություն հակառակորդ պետությունների»,-գրում է Forbes-ը։
Նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբբեջանին։
«Էրդողանը նաև ավելի ու ավելի է տարվում դեպի օտարերկրյա արկածներ Լիբիայի և Սիրիայի նման վայրերում՝ փորձելով վերականգնել Օսմանյան կայսրության նախկին տարածաշրջանային ազդեցությունը:
Չհաստատված պնդումներ կան, որ Թուրքիան կարող է Սիրիայից հավաքագրել և տեղափոխել փախստական մարտիկների՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերին աջակցելու համար։ Կան նաև նշաններ, որ Թուրքիան, հնարավոր է, աջակցել է Ադրբեջանի հարձակմանը իր սեփական շատ ունակ անօդաչու ուժերով»,-գրում է հայտնի պարբերականը:
Կոնգրեսական Բրեդ Շերման․ Մենք պետք է դատապարտենք այս ագրեսիան և հորդորենք Բաքվին դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները և վերադառնալ խաղաղության սեղան: Մենք պետք է դադարեցնենք ռազմական օգնությունը Ադրբեջանին և հորդորենք Թուրքիային ձեռնպահ մնալ զենք կամ կործանիչներ ուղարկելուց:
Եվրոպական խորհրդարան պատգամավոր Լուկաս Ֆուրլաս․ Լիակատար աջակցություն եմ հայտնում ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում հարձակման ենթարկվող հայ ժողովրդին: Որպես Հայաստան-Եվրախորհրդարան բարեկամության հանձնաժողովի նախագահ՝ ես շտապ նամակ եմ ուղարկում Եվրոպական հանձնաժողովին՝ իրավիճակի վերաբերյալ։ Ես ԵՄ-ից խնդրում եմ անհապաղ գործողություններ ձեռնարկել:
ԱՄՆ կոնգրեսական Ջոշ Գոտեյմեր․ Դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումները տարածաշրջանում: Ադրբեջանը պետք է պատասխան տա իր ագրեսիվ գործողությունների համար, որոնք խաթարում են խաղաղությունը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նախքան այս վտանգավոր իրավիճակի հետագա սրումը, ԱՄՆ-ը պետք է առաջնորդվի հրադադարի ռեժիմի ձևավորմամբ և կանխի հակամարտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան